բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանը․Նիկոլ Փաշինյանը

Մեզ ուզում ենք Հայաստանը ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիաների երկրի․«Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ հանդիպմանը Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականը ներկայացնելիս այսպես ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ սա ընդամենը դատարկ ամբիցիա չէ, որովհետև նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ ՀՀ-ում այդպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար շատ մեծ մարդկային ռեսուրս կա, և դրա նախադրյալները ստեղծված են»,- ասաց նա՝ վկայակոչելով վերջերս հրապարակված գլոբալ ինովացիոն զեկույցը, որտեղ, ըստ նրա, այդ հանգամանքը շատ հստակ ներկայացված է:

Նա նկատեց, որ Հայաստանը ինովացիաների մակարդակով գտնվում է շատ ցածր տեղում, սակայն մարդկանց ինովացիոն ընդունակությունների առումով՝ շատ բարձր տեղում: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ-ում դինամիկ զարգանում է:

Արդեն իսկ որոշակի հետաքրքրություն ունեն բարձր տեխնոլոգիական արտադրության գործունեությամբ զբաղվող ընկերությունները, և մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք՝ մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա:

Վարչապետը երաշխավորեց, որ ՀՀ կառավարությունը հակված է բոլոր խնդիրները լուծելու բաց, անկեղծ թափանցիկ և երկխոսության պայմաններում:

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձևը, որ կունենա որևէ ներդրող   ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը, արդարությունն է և օրինականությունը: ՀՀ կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետև ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվողները չպետք է բիզնեսով զբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, չպետք է քաղաքականությամբ զբաղվեն»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունն ի վիճակի է կարճ ժամանակահատվածում այս պայմանը ապահովել, որովհետև ունի ՀՀ ժողովրդի լիարժեք վստահությունն ու աջակցությունը:

«Մենք այս վստահությունը որևէ գումարի և որևէ նյութական արժեքի հետ չենք փոխի, որովհետև ընդհանրապես աշխարհում չկա այնքան փող և այնքան ոսկի, որ համարժեք լինի այն արժեքին, որ ստեղծվել է մեր հեղափոխության արդյունքում: Եվ ուրեմն այս իրավիճակը, որը ունենք մենք, մեծ հնարավորություն է բոլորիս համար, և ես համոզված եմ, որ այս հնարավորությունը չի արժեզրկվի, չի մսխվի և չի կորսվի: Եվ ուրեմն ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ մեծ երկխոսության՝ մեծ ապագայի մասին»,- ասաց նա:

Այս թեմայով
am