Աղբահանության խնդիրները կապ չունեն Տ. Մարգարյանի հրաժարականի հետ. Նիկոլաս Էլ Թավիլ

Օգոստոսին «Սանիթեք» ընկերությունն ավելի քան 500 հազար եվրոյի ներդրում է կատարել՝ 5 նոր մեքենա գնելու համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը:

«Մեքենաները Երևանի ճանապարհին են արդեն, մոտակա երկու օրերին այստեղ կլինեն: Իհարկե, շատ գումար ենք ներդրել նաև, որպեսզի պահեստամասեր գնենք: Բայց նույնիսկ, եթե մենք 700 նոր մեքենա բերենք, և աղբավայրը լինի նույն վիճակում, ու մեր աղբամանները վառվեն կամ վնասվեն, լինի դա «Սանիթեքը», թե ուրիշ այլ կազմակերպություն, նույն խնդիրներին է բախվելու, ինչին մենք»,- նշեց Նիկոլաս Էլ Թավիլը:

Նրա խոսքով՝ «Սանիթեք» ընկերությունն ունի 150 մեքենա, 9000 աղբամաններ և տարեկան 780 մլն դրամ հարկային պարտավորություններ է իրականացնում:

«Մեր գործունեության օրվանից ի վեր ավելի քան 1000 այրված աղբամաններ ունենք: Միայն դրանց պատճառով 700 հազար դոլարի կորուստ ենք ունեցել: Եթե փողոցի վրա կա մի տեղ, որ 4 աղբաման է դրված, և աղբը նորմալ տեղավորվում է, եթե դրանցից 2-ը վնասված կամ այրված լինեն, բնականաբար, աղբի համար տեղ չի լինի, և այդ խնդիրը կառաջանա»,- նշեց նա:

Մյուս խնդիրը, որին ընկերությունն առնչվել է, շինարարական աղբի թափման բազմաթիվ դեպքեր են: Այդ խնդիրը լուծելու համար ընկերությունը դիմել է քաղաքապետարան, սակայն իրավիճակը նույն  է:

«Եթե այս տեսակի աղբը գնում է մեր մեքենայի մեջ և յուրաքանչյուր մեքենայի համար, որի մեջ լցվում է այս աղբը, կարող ենք ասել 20 հազար դոլարի վնաս է հասցնում: Շատ մարդիկ հարցնում են՝ ինչու է մեքենաներից ջուր հոսում: Հենց աղբը լցվում է ոչ նպատակային տոպրակի մեջ, կամ այդ տոպրակը լավ փակված չէ, դրա հետևանքով ամբողջը ծորում է տոպրակներից: Շատ անգամ փորձել ենք Եվրոպայից մասնագետներ բերել, որպեսզի կարողանանք լուծում տալ հարցին, բայց լուծումը, կարելի է ասել, յուրաքանչյուր մեջ է:

Երբ մենք մուտք ենք գործել Հայաստան, մեզ նաև խոստացել են, որ Նուբարաշենն աղբանոցը շատ արագ կերպով կվերանորոգվի և կբերվի պատշաճ տեսքի: Մինչև այս պահը դա շատ վիճակում է»,- ասաց Նիկոլաս Էլ Թավիլը:

«Սանիթեք» ընկերության տնօրենը նշում է, որ աղբահանության խնդրի լուծման իրենց առաջարկած կարճաժամկետ լուծումը նոր մեքենաների ավելացումն է: Նրա վստահեցմամբ՝ վիճակն արդեն կարգավորվում է, և շուտով աղբահանության պրոցեսը հետ կգա իր նորմալ վիճակին. «Խնդիրը 100 տոկոսով կլուծվի, երբ մեր մեքենաները Երևանում կլինեն, և սպասում ենք, որ մինչև շաբաթվա վերջ կամ եկող շաբաթվա սկիզբ այստեղ կլինեն»,- հայտնեց տնօրենը:

Իսկ ընկերության երկարաժամկետ լուծման առաջարկը հետևյալն է՝ նոր քաղաքապետի հետ հանդիպել, քննարկել բոլոր հարցերը:

««Սանիթեքը» պատրաստ է նոր ներդրումներ կատարել 7 մլն եվրոյի չափով, փոխել ամբողջ համակարգը, և հիմա արդեն սկսել ենք բանակցությունները «Մերսեդես» ընկերության հետ, որպեսզի փոխենք մեր ամբողջ ավտոպարկը: Բայց սա կլինի նոր քաղաքապետի հետ քննարկումից հետո»,- հայտնեց նա:

Նիկոլաս Էլ Թավիլը նաև նշեց, որ վերջին ամիսներին աղբահանության հետ կապված խնդիրները ոչ մի կապ չունեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ:

««Սանիթեք» ընկերությունը ոչ մի կապ չունի այլ մարդկանց, այլ ընկերությունների հետ՝ ո՛չ տեղի քաղաքական գործիչների հետ, ո՛չ էլ առհասարակ ինչ-որ մեկի հետ: «Սանիթեքը» միջազգային ընկերություն է: «Սանիթեքն» ավելի քան 14 մլրդ դրամի ներդրում է կատարել Հայաստանում և երբեք սաբոտաժի չի գնա ինչ-որ մեկի պատճառով: Մենք երբեք չենք անի և երբեք չենք անում սաբոտաժ ինչ-որ մեկի համար, որովհետև մենք մտահոգված ենք, հոգ ենք տանում և՛ մեր ընկերության, և՛ մեր աշխատակիցների համար: Եվ երբեք չենք ուզենա կորցնել ներդրումները»,- ասաց նա:

 

Այս թեմայով
am