Մենք ուզում ենք Հայաստանը ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի . Նիկոլ Փաշինյան

Մեր կառավարության տնտեսական տեսլականը ՀՀ–ն բարձր տեխնոլոգիական երկրի վերածելն է։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ֆրանսիա կատարած երկօրյա աշխատանքային այցի ժամանակ Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ուզում ենք Հայաստանը ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, եւ սա ընդհամենը դատարկ ամբիցիա չէ, որովհետեւ նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այսպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար շատ մեծ մարդկային ռեսուրս կա եւ, ըստ էության, սրա նախադրյալները ստեղծված են։ Գլոբալ ինովացիոն զեկույցում այդ հանգամանքը հստակ ընդգծված է՝ Հայաստանը ինովացիաների մակարդակով այսօր շատ ցածր տեղում է գտնվում, իսկ մարդկանց ինովացիոն ընդունակությունների առումով՝ շատ բարձր»,–շեշտեց նա։

Վարչապետն այնուհետեւ հրավիրեց բոլոր ներդրողներին գալ եւ մասնակցել ՀՀ–ի պատրաստվող թռիչքին.  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգանում է, արդեն իսկ որոշակի հետաքրքրություն ունեն բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում զբաղվող ընկերությունները, եւ մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակացելու այն թռիչքին, որին պատրաստվում է ՀՀ–ում»։

Փաշինյանը երաշխավորեց, որ իր գլխավորած կառավարությունում հակված են բոլոր խնդիրները լուծել բաց, ազնիվ երկխոսության պայմաններում, ապա շեշտեց, որ ՀՀ տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի հաջողությունն է։

Այս թեմայով
am