«Ադրբեջանը եւ Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական
ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի
գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ
Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը:
Ողջունելով հյուրերին՝ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական
դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններին: Այս համատեքստում ԱԺ
փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության զարգացումը բոլոր
հարթություններում եւ հավելել, որ այդ կապերի խորացման ու ընդլայնման համար ՀՀ
խորհրդարանը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը: Անդրադարձ է կատարվել միջազգային
խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ
աշխատանքին:
Քննարկվել են մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում փոխգործակցության
զարգացմանը վերաբերող հարցեր: Այս առումով Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է
տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ընդգծելով. «Ադրբեջանի եւ Թուրքիայի
նկրտումները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանի
անվտանգության համար: Այդ երկու պետություններն իրական սպառնալիք են ՀԱՊԿ
տարածաշրջանի հարավային սահմանների համար »:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հոկտեմբերի 29-30-ին
Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի
աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին: Էդուարդ Շարմազանովը համոզմունք է
հայտնել, որ նիստերը կանցկացվեն պատշաճ մակարդակով:

Այս թեմայով
am