Ոստիկանները հայտնաբերել են Նորագավիթում կատարված բնակարանային գողության համար հետախուզվողին

Մայիսի 29-ից հունիսի 3-ը Նորագավիթի 3-րդ փողոցի մի տնից գողություն էր կատարվել: Պատուհանով մտել էին տուն, ննջարանի պահարանից հափշտակել 600.000 դրամ ու փախել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Գողության մասին ահազանգը ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց հունիսի երեքին: Տուժողը որևէ մեկին չէր կասկածում: Մոտ երեք օր տնից բացակայելուց հետո վերադարձել էին ու տեսել, որ փողը չկա: 

Նորագավիթ մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց բացահայտման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որոնց արդյունքում ստացված տեղեկությունները վկայում էին, որ բնակարանագողն ամենայն հավանականությամբ նույն գյուղից է: 
Դեպքի վայրերից վերցված մատնահետքերն ուղարկվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Մատնադրոշմային քարտերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կասկածյալի մատնահետքերը նույնական են գողության համար նախկինում դատապարտված Նորագավիթի 3-րդ փողոցի բնակիչ Ռուստամ Եղիազարյանի մատնահետքերի հետ, ում ոստիկաններն արդեն կասկածում էին:

 

Սակայն նրան հայտնաբերել չհաջողվեց:

Սեպտեմբերի 7-ին Ռուստամ Եղիազարյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Եվ հետախուզում հայտարարելուց օրեր անց` սեպտեմբերի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Պուշկինի փողոցում հայտնաբերեին Եղիազարյանին և բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին: 

Ժողովրդական ասույթին հակառակ՝ տուժողը դուռը փակ էր պահել, հարևանին էլ չէր կասկածում: Բայց դրկից Ռուստամ Եղիազարյանը որպես թիրախ հենց նրա տունն էր ընտրել:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Այս թեմայով
am