Լուրջ պետությունների առաջնորդները հիմնականում պաշտպանված են գաղտնալսումներից. Հայկ Մարտիրոսյան

Ինչպես արդեն տեղեկացվել էր , սեպտեմբերի 11-ին՝ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը , որը մեծ աղմուկ բարձրացրեց թե պաշտոնյաների մեջ և թե հասարակության:

Այս մասին meganews.am-ը խոսեց քաղաքականագետ Հայկ Մարտիրոսյանի հետ :
 

Պ. Մարտիրոսյան ,առաջնայինն այս իրավիճակում, անկասկած, Ազգային անվտանգության բաղադրիչն է, և եթե ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը ձայնագրվում է, ապա դա նշանակում է, որ կա լրջագույն սպառնալիք՝ անկախ ներքին դիմակայության հարցերից: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը այս հարցի շուրջ:

Մեր օրերում գրեթե բոլորին կարելի է գաղտնալսել: Լուրջ պետությունների առաջնորդները հիմնականում պաշտպանված են դրանից: Բայց Հայաստանում այս գաղտնալսումով է, որ էլեկտրոնային անվտանգության նոր համակարգ թերևս կներդրվի: Բայց խնդիրն այն է, որ այս գաղտնալսում-ձայնագրությունը կատարվել է մի շարք նպատակներով, որոնցից մեկն ակնհայտորեն երկրի ղեկավարությանը վարկաբեկելն է: Վարկաբեկել չստացվեց, բայց իմացանք, որ անզգույշ են եղել: Գիտեմ, որ Հայաստանում էլեկտրոնային անվտանգությանը ավանդաբար և մինչ այսօր էլ անլուրջ են վերաբերվել: Հիմա հուսանք, որ այս ապօրինի քայլը կունենա գոնե մեկ դրական հետևանք. կսկսեն առավել լուրջ վերաբերվել նման խնդիրներին:

Ի վերջո, ԱԱԾ պետն ինքն էլ հայտարարում է, որ ուրեմն կարող են ձայնագրված լինել այլ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ: Սա կարո՞ղ ենք որակել որպես հայտարարություն պետության վրա հարձակման մասին:

Որակելու ոչինչ չկա: Արդեն որակված է և այս երկու պաշտոնյաների գաղտնալսումն արդեն այդ հարձակման մասին է խոսում: Պետք է գտնել կատարողներին և պատժել: Թեև, ասեմ, որ դա էլ շատ դժվար գործ է լինելու:

Դա էլ իր հերթին՝ նշանակում է հակահարված հարձակվողներին: Բայց ովքե՞ր են նրանք ըստ Ձեզ : Վարչապետի կտրուկ որոշումը անակնկալ էր շատերի համար, ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

Կարծում եմ՝ նախկին ռեժիմն է, ներկայիս հակահեղափոխական ճամբարը: Ինչ վերաբերում է հակահարձակմանն ու հակարձագանքմանը, ապա հուսամ ամեն բան ասֆալտին պառկեցնելով և դարձյալ բաց թողնելով չի ավարտվի: Ինձ թվում է՝ նոր իշխանությունը ֆունդամենտալ իդեալիստական պատկերացումներ ունի հետհեղափոխական շրջանի և դրա պահանջած քայլերի վերաբերյալ: Եվ դա վտանգավոր է:

Ըստ ՔՀԾ պետի՝ 0038 գաղտնի հրամանի հայտնաբերումից հետո պարզվել է, որ բանակը 2008-ի փետրվարի 23-ից սկսած մասնակցել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: Իրավական ինչպիսի՞ մոտեցում եք տեսնում այս հարցի շուրջ:

Ամեն ինչ անչափ պարզ է: Պետք է պատասխանատուները ձերբակալվեն և բանտ նստեն: Բայց, հիմա դա էլ այն գրոտեսկի շրջանակներում, որ կատարվում է, թվում է մի տեսակ ոչ հստակ: Եթե ձերբակալվեն և եթե հանկարծ նորից բաց թողնվեն, որովհետև դատավորների վրա գործադիրը իշխանություն չի բանեցնում, որպեսզի ապօրինություններ չանեն, ապա ինչպե՞ս է հնարավոր լինելու իրականացնելու այն՝ ինչ վարչապետն ինքն է ասում: Մի բան հստակ է. եթե ապօրինություններ կատարող դատական համակարգը արմատական փոփոխության չի ենթարկվում շատ սեղմ ժամկետներում, ապա այդ նույն համակարգը օրենքի շրջանակներում մնալուն միտված զանգեր չստանալով՝ ուղղակիորեն վնասելու է վարչապետի, հետևաբար և ժողովրդի իշխանությանը: Բռնել-բաց թողնելն ավելի վտանգավոր է, քան ընդհանրապես չբռնելը: Վաղուց, շատ վաղուց ժամանակն է հասցեավորելու այս խնդիրը: Չգիտեմ դա երբ կլինի, կամ ինչպես կլինի, բայց շատերն արդեն սկսում են հարցնել. իսկ կլինի՞ արդյոք: Հուսանք՝ այո: Դա է Հայաստանի փրկության եզակի ճանապարհը:



Նանա Սարգսյան

Այս թեմայով
am