«Ասադի ռեժիմի հարձակումն Իդլիբի վրա մեծ հումանիտար ռիսկեր է պարունակում Թուրքիայի ու Եվրոպայի համար»․ Էրդողանի հոդվածը WSJ-ում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոդված է գրել սիրիական Իդլիբում ռազմական գործողության հետ կապված, որը հրապարակվել է The Wall Street Journal- ի հայտնի պարբերականի էջերում։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ Բաշար ալ Ասադի ռեժիմը փորձում է «մոտալուտ հարձակումը ներկայացնել ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ»։ Ավելին՝ Էրդողանը պնդում է, որ ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը ոչ ոք չի կարող հասկանալ ավելի լավ, քան Թուրքիան։

«Ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ անմեղ մարդիկ չեն կարող զոհաբերվել։ Նման քայլը միայն պատճառ կդառնա նոր ահաբեկչությունների ու ծայրահեղականության ծննդի։ Ի վերջո, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն էլ Սիրիայում տեղի ունեցածի ոչ թե պատճառն է, այլ արդյունքը»,- գրել է Էրդողանը։

Նա նաև չի հերքել, որ Թուրքիան պատրաստվում է դեպի Իդլիբ ուղղել «չափավոր» ընդդիմադիր խմբավորումների զինյալներին, որոնք զգալի դեր են խաղացել թուրքական ԶՈւ-ի՝ Սիրիայի հյուսիսում իրականացրած ռազմական գործողություններում։ Մասնավորապես՝ խոսքը «Սիրիական ազատ բանակ» խմբավորման մասին է։

«Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը։ Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն՝ դրա գինը շատ ծանր կլինի։ Ասադի ռեժիմի այս հարձակումը մեծ հումանիտար ռիսկեր է պարունակում նաև Թուրքիայի ու Եվրոպայի համար»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Էրդողանն Իդլիբում զինադադարի առաջարկով հանդես էր եկել նաև Թեհրանում օրեր առաջ կայացած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։  Էրդողանի առաջարկին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր․ «Իհարկե, լավ կլիներ, եթե զինադադար լիներ։ Սակայն այս հարցում «Ջեբհաթ ան Նուսրա» կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման փոխարեն կարծիք հայտնել չենք կարող այստեղ»։

Այս թեմայով
am