Ծառուկյանը՝ բեւեռների ոսկե միջին

Ծառուկյանը՝ բեւեռների ոսկե միջին… Մինչ՝ հեղափոխության հաղթանակով ոգեւորված հասարակության մեծ մասը հրճվանք է ապրում նախկին հանցագործ ռեժեմի կատարած թալանի բացահայտումներից, էյֆորիկ վիճակում վայելում է հաղթանակը, հասարակության մի փոքր հատվածը, որը հեղափոխությունից «հալածված» նախկին պաշտոնյաներն ու ՀՀԿ-ականներն են, հույսով սպասում, թե երբ է նոր իշխանությունը ձախողվելու եւ իրենց նորից հնարավորություն տրվելու վերադառնալ կյանքի նախկին՝բնականոն ռիթմին: Երկրորդ շերտի շրջանակը գնալով մեծանում է, քանի որ նոր իշխանությունը «խաչակաց արշավանք» է ստեղծել նախկին ոչ միայն բարձր, այլեւ միջին եւ ցածր պաշտոն զբաղեցնողների դեմ . ստուգումներ են իրականացվում պետական կառույցների միջին օղակներում, դպրոցներում,մ անկապարտեզներում, գյուղապետարաններում, տարբեր վարչություններում: Ու, որպես կանոն, խախտումներ հայտնաբերվում են ամենուր, եւ դրանց հեղինակները ենթարկվում են տարբեր տույժերի՝ սկսած պաշտոնանկությունից, մինչեւ՝ ֆինանսական տույժեր: Արդյունքում՝ վերջիններս համալրում են հեղափոխությունից «հալածվածների» շարքերը: Վերջիններից շատերի մոտ վառ հույսեր արթնացան Քոչարյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալու հայտարարությամբ: Նրանք մտածում են, թե Քոչարյանը «հեսա կգա, Նիկոլի հախից կգա ու մենք նորից կանցնենք մեր գործին»:

Առհասարակ, Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը բավականին լուրջ վերադասավորումներ է կատարում հայաստանյան քաղաքական դաշտում: Բայց նրա վերադարձով ոչ բոլոր նախկին իշխանավորներն են ոգեւորված:

Շատերը, ավելի սթափ եւ ոչ նեղ անձնական մտածողություն ունեցողները, հիշելով նրա օրոք կատարված տարբեր համապետական հանցագործությունները, սպանությունները, չեն ցանկանում երկրի ղեկին նորից տեսնել բռնապետին՝ որքան էլ որ նրանց համար անընդունելի է Փաշինյանը : Ուստի նրանք սկսում են փնտրել՝ «մեծ դասական» կարգին Հայկոյի ասած՝ սեւերի ու սպիտակների ոսկե միջինը: Ոսկե միջինը փնտրում են արդեն նաեւ հեղափոխությանն ակտիվորեն աջակցողներից շատերը, որոնց չի գոհացնում նոր կառավարության կադրային քաղաքակնությունն ու երիտասարդ նախարաների աշխատանքն ու, երբեմն, ոչ պատշաճ պահվածքը:

Ուստի, հասարակության մեջ առաջացել է մի շերտ, որը չի ցանկանում անցյալի վերադարձը, բայց չի բավարավում նաեւ ներկա իշխանության գործունեությունից, եւ, այդ շերտին անհրաժեշտ է երրորդ ուժ, որին կարող են միանալ եւ առաջիկա համապետական ընտրություններում տալ իրենց քվեն: Այդ ուժի տեղը զբաղեցնելու շատ քիչ, բայց որոշակի շանսեր ունեն Սասնա Ծռերը:

Բայց, անգամ նրանց համակիրներից շատերը երաշխիք չունեն, թե՝ ծռերը երբ եւ ինչպես կարող են ծռվել, քանի որ նրանք ռադիկալ ուժ են եւ անկանխատեսելի: Բացի այդ՝ հասարակության մեջ ահնասկանալի է նրանց քաղաքական ուղղվածությունն ու գաղափարախոսությունը: Երրորդ ուժի, կամ՝ ոսկե միջինի դերը ստանձնելու մեծ հնարավարություն ունի Գագիկ Ծառուկյանը եւ նրա գլխավորած ԲՀԿ-ն:

Առայժմ, որքան Ծառուկյանն իրեն հեռու է պահում Քոչարյանից ,այնքան բարձրանում է նրա քաղաքական վարկանիշը: Հիշեցնենք, որ վերջերս նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ Քոչարյանի հետ համագործակցության հարց առաջիկայում չունեն: Իսկ դա շատ դրական է ազդում նրա քաղաքական իմիջի վրա: Վերջինս, անուշտ, ունի իր կայուն ընտրազանգվածը՝ պայմանավորված տարբեր գործոններով:

Այդ ընտրազանգվածը գնալով ավելի է մեծանում, որքան նոր կառավարության անդամները շարունակում են իրենց անլուրջ պահվածքով հիասթափեցնել հասարակությանը: Մնում է հասարակության այդ «միջին»շերտը համոզված լինի, որ Ծառուկյանն անկեղծ է իր բռնած դիրքում եւ երբեք իր թիկունքում չի նախապատրաստի Քոչարյանի վերադարձը: Իսկ այդ քայլին, ինչպես երեւում է, Ծառուկյանը չի պատրաստվում գնալ:

Այս թեմայով
am