Ես նման բան անգամ վատ երազում չէի կարող պատկերացնել. Տիգրան Աթանեսյան

«Չունենալով որևէ ապացույց՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին պահում են կալանքի տակ, ինչը ստիպում է ասել, որ սա պարզապես քաղաքական հալածանք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Համբարձումյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վկա կա, որը նաև տարածքի ոստիկանապետի մորաքրոջ տղան է, այդ վկաները տալիս են տարբեր ցուցմունքներ, ոչ մեկը մեղադրական չէ, և բոլորը տապալվում են առերեսումների ժամանակ։ Այն առեսումները, որոնք հերքում են Դավիթի մասնակցությունը որևէ արարքի, քննիչների կողմից չեն ներկայացվում դատարան։ Մենք պահանջում ենք, դատարանն ասում է՝ իրավունք չունեմ հիմա պահանջելու։ Սա նմանվել է քաղաքական հալածանքի, քանի որ այդ գործով մնացած բոլոր մարդիկ ազատ են արձակվել։ Մատնացույց են անում ապրիլի 16-ի տեսանյութը, որտեղ Դավիթը չէ, համացանցում բոլորին համոզել են, որ Հերացու փողոցի դեպքը նրա հետ կապ ունի, բայց այդպես չէ»,- նկատեց փաստաբանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ըստ փաստաբանի՝ որոշել է իրենց միջնորդությունը ոչ միայն չքննարկել, այլև մերժել. «Մենք հասկացանք, որ այդ մարդն անցել է իր հին գործելաոճին, արդարության որևէ նշույլ չկա, և դուրս եկանք նիստերի դահլիճից։ Դահլիճը լքեց նաև Դավիթ Համբարձումյանը, որից հետո քննիչը մի հանրային պաշտպանի է բերում մեկուսարան, Դավիթն ասում է, որ իրենց հետ անելիք չունի, դուրս է գալիս տեսակցությունների սենյակից։ Բայց այդ հանրային պաշտպանին բերում են, որը նստում է դռնփակ դատական նիստին՝ չհանդիսանալով պաշտպան։ Ասում են՝ պաշտպանությունն ապահովված է, և երկարաձգում են կալանքը։ Այս ամենը հուշում է, որ սա կազմակերպված էր, և հատուկ էր հանձնվել կալանքի քննությունը հենց Մնացական Մարտիրոսյանին, որն ինչպես նախկինում էր կատարում պետական պատվերներ, այնպես էլ՝ հիմա։ Տեսեք՝ ուր ենք հասել, և ինչ է կատարվում հետհեղափոխական Հայաստանում. ես նման բան անգամ վատ երազում չէի կարող պատկերացնել»։

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ եթե նախկինում պարզ էր, որ զանգերով էին դատավորները հրահանգ ստանում, հիմա չգիտի, թե դա ինչպես է տեղի ունենում. «Այն, ինչ տեսել ենք նախորդ ռեժիմի օրոք, կրկնվում է հիմա։ Ես չեմ մեղադրում նոր իշխանություններին, իրավապահ մարմիններն են, որ չեն փոխվել. նույն մահակը, որ ծեծում-ջարդում էր ընդդիմությանը Սերժ Սարգսյանի օրոք, հիմա իբր թե կոռուպցիայի դեմ է պայքարում, բայց չի պայքարում, աշխատում են նույն ոճով»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում էր կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Համբարձումյանի կալանքի ժամկետը:

Աթանեսյանը հիշեցրեց, որ Մնացական Մարտիրոսյանը դեռևս 2010թ. ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել և ազատազրկման դատապարտել ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Իրավապահ մարմինների կողմից Դավիթ Համբարձումյանը ստացել է գլխավոր հակահեղափոխականի դերև նման պայմաններում, եթե Մնացական Մարտիրոսյանը որոշեր նրան ազատ արձակել՝ կստացվեր, որ ժամանակին հերիք չի՝ որոշել է ապօրինի դատապարտել Փաշինյանին, այժմ  էլ մարտահրավեր է նետում նոր իշխանություններին: Մնացական Մարտիրոսյանը սպասում է իր կարիերայի ավարտին, սակայն հույս ունի, որ շուտ չի ավարտվի»,- ասաց նա:

 

Այս թեմայով
am