«Նախկին իշխանության օրոք այս հարցին կպատասխանեի միանշանակ, այո՛»

Տիկին Անահիտ  մենք ունենք արդյո՞ք պետական լիարժեք հոգածություն վարակային այնպիսի հիվանդությունների պարագայում ինչպիսիք են ՄԻԱՎ վարակը, տուբերկուլոզը և հեպատիտները, եթե դուք որպես հասարակական կազմակերպություն շարունակում եք ակտիվորեն աշխատել, հատկապես, բողոքների պարագայում:

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի առումով հստակորեն այո՛,  քանզի ունենք հստակ վիճակագրություն և ռազմավարություններ՝ ազգային ծրագրեր, որոնց շնորհիվ կազմակերպվում են անվճար հետազոտությունները, բուժումները և կանխարգելման ծրագրերը: Այդ թվում է նաև դեպքերի թվով բավականին մեծ տարածում ունեցող դեղակայուն տուբերկուլոզը: Այլ խնդիր է հեպատիտ Ց-ն, որի առումով չունենք նույնիսկ հստակ վիճակագրություն, չնայած որ մասնագետների կարծիքով այն մեզանում ավելի տարածված է, քան ՄԻԱՎ վարակը: Իհարկե, մենք արդեն մի քանի տարի է պահանջում ենք ազգային ծրագիր, կատարվում են որոշակի քայլեր, այս տարի հույս ունենք խնդրի լուծման էական քայլեր կլինեն: Ինչ վերաբերում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և տուբերկուլոզին, ապա պետք է ասել, որ կա պետական հոգածություն: Ասեմ ավելին, նոր կառավարության առողջապահության  նախարարը այս տարի անձամբ գլխավորեց միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը, դրանով իսկ ընդգծելով պետական վերաբերմունքը խնդրին: Հստակ ուղղություններ նախագծվեցին, անելիքները, նշվեց պետական ֆինանսավորման աճը և այլն: Բայց ֆինանսական ապահովումը  պայմանավորված է հիմնականում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամով:

- Իսկ ինչու՞ հենց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի նկատմամբ ցուցաբերվեց այսքան մեծ ուշադրություն, կարծես գոնե սրանց հետ կապված մեր երկիրը բավականաչափ լավ ցուցանիշներ ունի շատ-շատերի համեմատ:

-ՄԻԱՎ վարակը և տուբերկուլոզը համարվում են սոցիալական նշանակություն ունեցող հիվանդություններ: Այս առումով կարևոր է ոչ միայն այս հիվանդությունների բուժումը, այլև կանխարգելումը: Այո, երկու հիվանդությունների դեպքում էլ մենք ունենք գրանցված բավականին լավ ցուցանիշներ: Բայց շատ կարևոր է շարունակել այդ ցուցանիշները պահել, մասնավորապես անընդհատ շարունակելով կանխարգելիչ միջոցառումները ՄԻԱՎ վարակի դեպքում, իսկ տուբերկուլոզի դեպքում այնքան հետևողական պետք է լինել, մինչև այլևս չունենանք վարակման և ոչ մի դեպք: Գլոբալ հիմնադրամից տուբերկուլոզի Հայաստանին հատկացվող դրամաշնորհը կրճատվել էբայց շարունակվում է: ՄԻԱՎ վարակին հակազդման ազգային ծրագրի աջակցության առումով, մի պահ հարց էր առաջացել, արդյոք Հայաստանը դեռևս ունի այդ աջակցության անհրաժեշտությունը՝ նախկին ղեկավարության  նկարված թվերի պատճառով, իբրև թե մեզանում արձանագրվել է տնտեսական աճ: Մենք միջազգային մակարդակով հաճախ բարձրաձայնում էինք իրական խնդիրները, որ դա այդպես չէ, մեր շահառուները շարունակում են մնալ սոցիալապես անապահովների խավում: Ի ուրախություն մեզ Հայաստանը դեռևս համապատասխանում է Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորման համապատասխանության չափանիշներին, և արդեն նոր կառավարությունը նոր դրամաշնորհով դիմելու է Գլոբալ հիմնադրամին, և Դրամաշնորհային առաջարկում հստակ երևում է տարեկան կտրվածքով պետական ֆինանսավորման զգալի աճ, ինչն իր հերթին կապահովի դրամաշնորհի ստացումը:

-Եթե մեզանում եզակի բողոքներ են լինում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին բուժսպասարկում գտնելու դժվարության առումով, ապա Հեպատիտ Ց-ի առումով մենք ընդամենը մեկ անգամ մասնակի լուծում ենք ունեցել Վրաստանից ձեռքբերած դեղորայքով ցուցաբերվող բուժօգնության փաստով, այն էլ դրանք համավճարով հատկացվեցին միայն որոշակի խմբերին: Ի՞նչ իրավիճակ կա իրականում այս առումով:

-Ուզում եմ հստակեցնել, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար խնդիրներ առաջանում են այլ հիվանդություններով պայմանավորված բժշկական ծառայություններ ստանալիս, այսինքն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դիսպանսեր հսկողությունում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի, որ տվել է տեղեկացված համաձայնություն, ստանում է անվճար բուժում:

Հեպատիտների դեպքում, թե հետազոտությունները, թե բուժումը վճարովի հիմունքներով են, հեպատիտ Բ-ն կանխարգելվում է պատվաստումներով, միայն հեպատիտ Ց-ն սուր փուլում բուժվում է պետական պատվերի շրջանակում:

Սակայն իրականում հեպատիտները շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում են, հետևապես ըստ տրամաբանության, պիտի բուժվեն պ/պով, սակայն մեր իրականությունը այլ բան է փաստում: Իմ կարծիքով հարկավոր է նախ հստակ վիճակագրություն ունենալ, որպեսզի հասկանանք, արդյոք մասնագետների ահազանգը, որ ունենք հեպատիտ Ց-ի համաճարակ, ճիշտ է:

Բացի այդ ուղղակի ազդեցության դեղերը, թեև գրանցված չեն Հայաստանում, բայց դրանք մտնում են շուկա, հիմնականում գեներիկները, այսինքն ինչ-որ չափով հասանելի են:  Մի խոսքով, շուկան պիտի ուսումնասիրվի ու կարգավորվի, քանզի իրականում այս առումով մենք սև շուկա ունենք:

Զարգացած երկրներում հեպատիտ Ց-ի բուժման մեկ կուրսը 80.000 եվրո  է, իսկ մեզ մոտ այն փաստացի 700-1500 դոլարի սահմաններում հնարավոր է ձեռք բերել, խոսքը գնում է գեներիկ դեղերի մասին, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում բրենդային արտադրությանը: Բայց մեր բնակչության մեծ մասի համար սա էլ է հաճախ անհաղթահարելի գումար:

Ի դեպ, պիտի նշեմ Ռուսաստանը հեպատիտ Ց-ն պետական պատվերի շրջանակում է բուժում, Ուկրաինան հուլիս ամսին հայտարարեց, որ անվճար տրամադրելու է հեպատիտ Ց-ի բուժում բոլոր քաղաքացիներին. միջազգային կազմակերպությունների միջոցով պետական գնումներ իրականացնելու ճանապարհով նրանք կարողացել էին 12 շաբաթական բուժման կուրսը ձեռք բերել 89 դոլարով, որն աննախադեպ է:

 Կարծում եմ մենք եթե ուզենանք իրականում կկարողանանք լուծել այս խնդիրը: Այս խնդիրները ինձ հատկապես հետաքրքրում են, քանզի տուբերկուլոզի ու ՄԻԱՎ վարակի հետ շատ հաճախ են զուգակցվում հեպատիտները ու մասնավորապես Ց-ն:

Ընդ որում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի բուժման դեղորայքը բավականաչափ ազդեցություն ունեն լյարդի վրա, միևնույն ժամանակ, եթե կա հեպատիտ Ց և հիվանդը  համարժեք բուժում չի ստանում, ապա իր ՄԻԱՎ-ի և տուբերկուլոզի բուժման արդյունավետությունը կարող է նվազել: Բացի այդ հեպատիտ Ց-ի բուժման տրամադրումը ևս շատ կարևոր է ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերում խոցելի խմբերի, մասնավորապես թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ԹՆՕ-ների) ընդգրկվածության ծածկույթի մեծացման, կանխարգելման ծրագրերի նկատմամբ նրանց հետաքրքրվածության մեծացման առումով:

 2016թ.-ին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ իրականացված կենսաբանական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ միայն Երևան քաղաքի ԹՆՕ-ների շրջանում հեպատիտ Ց-ի տարածվածությունը կազմել է 31%:

 Այսինքն այս երեք հիվանդությունները փոխկապակցված են և դրանց բուժման ռազմավարությունները ևս պետք է փոխկապակցված լինեն:

-Արդյո՞ք ասել կուզեք, որ պետությունը կարող է իր վրա վերցնել հեպատիտ Ց-ի բուժումը, բայց չի վերցնում:

-Կարծում եմ հստակ ասելու համար հարկավոր է հստակ վիճակագրություն ունենալ: Օրինակ՝ մենք պարբերաբար ակցիաներ ենք կատարում, վերջին դեպքում մենք 1.500-ից ավել մարդ ենք հետազոտել և այս մարդկանց շրջանում հեպատիտ Ց-ի հանդեպ արյան մեջ հակամարմիններ հայտնաբերվել են 10 տոկոս դեպքերում:

Այսինքն, եթե հակամարմիններ են հայտնաբերվում, դա դեռ չի խոսում տարածվածության մասին, անհրաժեշտություն կա հաստատման համար ավելի լուրջ հետազոտություններ իրականացնել, քանի որ հեպատիտ Ց-ի դեպքում ինքնաբուժման դեպքեր ևս հնարավոր են, բայց մարդը դեռևս շարունակում է կրել հարուցիչի նկատմամբ հակամարմիններ: Ի դեպ, այդ նույն հետազոտությունների ընթացքում հայտնաբերել է ընդամենը ՄԻԱՎ վարակի 2 դեպք և այդ մարդիկ գիտեին իրենց կարգավիճակը, պարզապես ևս մեկ անգամ էին ուզում համոզվել:

 Սա նաև խոսում է վերջիններիս հետ կապված կանխարգելիչ միջոցառումների, բուժման արդյունավետության, հիվանդության կառավարելիության մասին: Ի դեպ, այս առումով պետք է իմանալ նաև Չ=Չ մոտեցման մասին՝ չհայտնաբերվող, նշանակում է չփոխանցվող:

 Այսինքն ՄԻԱՎ-ով ապրող և հակառետրովիրուսային բուժում ստացող մարդը, ում արյան մեջ վիրուսային ծանրաբեռնվածությունը չհայտնաբերվող մակարդակի է, այլևս վարակի աղբյուր չի հանդիսանում, նույնիսկ, իր զուգընկերոջ համար, սակայն ամեն դեպքում խորհուրդ է տրվում կիրառել կանխարգելիչ միջոցներ, և իհարկե հիվանդը բուժումը ստանում է ամբողջ կյանքի ընթացքում: Սա նաև կարևոր է իմանալ բժիշկներին: Տուբերկուլոզը ևս կարելի է համարել կառավարելի, չնայած որ ունենք  սոցիալական խնդիրների պատճառով բուժումը ընդհատողներ: Իսկ հեպատիտ Ց-ի առումով մենք բացարձակ խոցելի ենք ու անօգնական:

-Իսկ ինչո՞վ եք կարողանում օգտակար լինել այս մարդկանց դուք՝ ձեր կազմակերպությունը:

-Առավելապես հավասարը-հավասարի խորհրդատվություն ենք տրամադրում, ինչը թույլ է տալիս սեփական օրինակով, հիվանդի համար առավել մատչելի լեզվով բացատրել և օգնել հաղթահարել հոգեբանական դժվարությունները: Նաև տրամադրում ենք սոցիալ-հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն, կազմակերպում ենք փոխօգնության խմբեր: Ամենատարբեր բնույթի ակցիաներ ու միջոցառումներ ենք կազմակերպում, այդ թվում և հետազոտական, որն ավելի շատ ուղղված է ընդհանուր բնակչության տեղեկացվածության բարձրացմանը:

Մեր հիվանդներին օգնում ենք ստանալ բուժծառայություններ, քանի որ ոչ միշտ են բժիշկները բարյացակամ ընդունում նրանց: Ասեմ, որ երբեմն աբսուրդի են հասնում բժիշկների խտրական վերաբերմունքի դրսևորումները վարակային նման խնդիրներով հիվանդների հանդեպ:

Մեր բժիշկներին հարկավոր է վերակրթել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի,  հեպատիտների և բժշկական էթիկա-դեոնտոլոգիա, բժշկական գաղտնիք առարկաների առումներով: Անկեղծ ասած շատ դժվարություններ ենք ունենում, քանզի կազմակերպության աշխատակիցները բժիշկներ չեն և նրանց հեշտ է մոլորեցնելը, արդյո՞ք տվյալ դեպքով հիվանդը, որ ունի նաև ՄԻԱՎ վարակ, իրենց հիվանդն է, թե՞ոչ:

 Ցավոք, մերժող բժիշկները նույնիսկ գրավոր չեն հիմնավորում հիվանդին բուժսպասարկումից մերժելուց, մինչդեռ, բուժօգնությունը յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքն է: Կարծում եմ, եթե պետական պատասխանատուները երբեմն-երբեմն պատժեն նման կերպ վարվող բուժհաստատություններին, որտեղ աշխատում է տվյալ բժիշկը, այս երևույթը կվերանա: Մինչդեռ, այսօր որոշ դեպքերում մենք դեռ անձնական կապերով ենք լուծում այս մարդկանց իրավունքի իրագործումը:

-Վերջերս առողջապահության ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ խոշոր բուժհիմնարկներում հնարավոր է լինեն ներկայացուցիչներ, ովքեր պարտավորվելու են հետևելու պ/պ ընթացող դեպքերը:

- Հուսով եմ դա գոնե կզգոնացնի բուժաշխատակիցներին և վերջապես մեր բժիշկները կհիշեն, որ իրենք պարտավոր են բուժսպասարկում մատուցել համապատասխան բոլոր դիմողների կարիքներին: Ի վերջո, հանրության կողմից հաճախ մերժվող խավերի միջանկյալ, կապող ու երկուստեք վստահելի օղակը հենց բժիշկներն են:

Հետևաբար, օրենքով պահանջվող խտրականության բացառման պատասխանատվության առյուծի բաժինը հենց բժիշկների՝ բուժաշխատողներինն է, ոչ թե միայն ՀԿ-ների ու ԶԼՄ-ներինը: Հիմնականում բժիշկները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հարակից հիվանդությունների բուժումը մերժում են՝ բացատրելով հատկացվող ֆինանսավորման սղությամբ, բայց ես խորապես համոզված եմ, որ այդ գումարների ռացիոնալ տնօրինման դեպքում հնարավոր է օգնել ավելի մեծ թվով մարդկանց: Օրինակ, այդ առողջապահության ներկայացուցիչների հետ եթե լինեն նաև ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, հնարավոր կլինի իրականացնել առավել արդարացի ու թափանցիկ  աշխատանքներ:

-Անահիտ, եթե անկեղծ ասեք, կարծում եք պետական մարմինները այս հիվանդություններն ունեցողների վրա պետական գումարներ ծախսելը համարում են տնտեսապես անարդյունավետ, դրա համար է հարցը այս կարգավիճակում:

- Նախկին իշխանության օրոք այս հարցին կպատասխանեի միանշանակայո՛, հիմա ավելի շատ համոզված եմ, որ այդպես չէ: Ես շոկի մեջ էի, երբ մի երկու տարի առաջ առողջապահության նախարարության աշխատակիցը ինձ ասեց, թե տուբերկուլոզով հիվանդներին պետք է վառելԿարծում եմ այս հիվանդությունների վերահսկումը կարևոր է ոչ միայն այս հիվանդների բուժման առումով, այլև առաջին հերթին հանրային առողջության պահպանման նկատառումներից ելնելով: Կարող եմ միայն ՄԻԱՎ վարակի օրինակով բերել: Եթե մենք շարունակենք ՄԻԱՎ վարակի շարունակական, արդյունավետ կանխարգելում իրականացնել երիտասարդների, խոցելի խմբերի շրջանում, մենք կնվազեցնենք ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը, այսինքն դրանով իսկ ՄԻԱՎ վարակի բուժման անհրաժեշտությունը ևս շատ չի լինի: Կանխարգելման վրա ծախսվող միջոցները շատ ավելի քիչ են, քան բուժման վրա ծախսվող:

 Իմ համար նաև շատ ցավալի է, երբ պայքարում ես տուբերկուլոզ ունեցող մարդու կյանքի համար, իսկ արդյունքում հիվանդը մահանում է, միայն այն պատճառով որ ժամանակին չի հայտնաբերվել: Իրականում ոլորտում շատ հարցեր ունենք լուծելու հիվանդների մակարդակով ևս:

Օրինակ, մեր շահառուները իմանալով հանդերձ, որ տուբերկուլոզի և ՄԻԱՎ վարակի բուժումը պետական պատվերի շրջանակում է, գումար են տալիս բժիշկներին, ապա նեղանում, որ գումար են ուզել: Այլ բան էլ կա, որ հիվանդանոցներում տնօրենները հավելյալ զույգ ձեռնոց են ուզում, այս փաստացի, տվյալ պահին վարակման առումով վտանգ չներկայացնող հիվանդից, այն դեպքում, որ հավելյալ ձեռնոցը ոչ մի կերպ չի պաշտպանում ՄԻԱՎ վարակից

Իհարկե, կարող ենք խնդիրները լուծել դատական գործընթացներով, պարզապես չենք կարծում որ «ուժային»լուծումը ճիշտ է: Ընդամենը հարկավոր է աշխատանքային պարտականությունները կատարել գրագետ ու բարեխիղճ: Իսկ այսօրվա դրությամբ, ցավոք, մեր բժիշկների մեծ մասը խորացնում է հասարակության այս խավերի ու իրենց «Առողջ»համարող մարդկանց միջև անջրպետը, որը մենք տարիներ շարունակ աշխատում ենք վերացնել, քանզի թե բժշկական, թե ուղղակի մարդկային տեսանկյունից տեղեկացվածությունն է բերում համապատասխան վերաբերմունքի փոփոխության: Եթե մասնագետը տեղեկացված չէ բժշկական վերջին նորություններից, ինչպես կարելի է պահանջել փոփոխություն մյուսներից:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանի հետ հարցազրույցը վարեց  Մարգարիտ Դավթյանը:

Այս թեմայով
am