Վրաստանն ու Ուկրաինան ամենամեծ եվրոպական հեռանկարն ունեցող երկրներն են. Մերկել

Վրաստանը և Ուկրաինան այն երկրներն են, որոնք ամենամեծ եվրոպական հեռանկարն ունեն: Այդ մասին Թբիլիսիում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությանը վերաբերող հարցին, հաղորդում է apsny.ge-ն:

«Ինչ վերաբերում է Գերմանիայի քաղաքականությանն Արևելյան Եվրոպայի նկատմամբ, ապա սա նոր նախաձեռնություն չէ: (Գերմանիայի ԱԳ նախարար) Հայկո Մաասն ընդամենն ընդգծել է այն, որ շատ կարևոր են Ռուսասատանի հետ հարաբերությունները: Ռուսաստանը Եվրոպական Միության հարևանն է, սակայն, մյուս կողմից, մեզ հստակ քաղաքականություն է անհրաժեշտ Արևելյան Եվրոպայի զարգացումների հետ կապված հարցում՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, սակայն Վրաստանը և Ուկրաինան են այն երկրները, որոնք ամենամեծ եվրոպական հեռանկարն ունեն:

Առաջիկա 10 տարիների ընթացքում մենք կառանձնացնենք այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ապագայում», - ասել է Մերկելը:

Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել:

Անգելա Մերկելը պաշտոնական այցով Հայաստան կժամանի օգոստոսի 24-25-ը: Այցի շրջանակում կկայանան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:

Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Օգոստոսի 25-ին Անգելա Մերկելը կմեկնի Բաքու, որտեղ քննարկվելիք կարևորագույն հարցերից մեկը կլինի Կասպից ծովից դեպի Եվրոպական Միություն բնական գազի մատակարարման ծավալների ավելացումը:

Այս թեմայով
am