Հայաստանում կանցկացվեն մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ. հուշագիր

Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարող FIDEC Armenia հիմնադրամը (Fighting Infectious Diseases in Emerging Countries) Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer, Ֆրանսիա` Լիոն) հետ համատեղ այս աշնանից Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության  հետազոտություններ կանցկացնի:

Ծրագրի իրականացումը  կազմակերպելունպատակով առողջապահության նախարարությունում կնքվել է երկկողմ հուշագիր, որը ստորագրել են նախարար Արսեն Թորոսյանը եւ FIDEC կորպորացիայի հիմնադիր նախագահ, հայտնի վարակաբան, բժիշկ Դանիել Ստամբուլյանը` Արգենտինայից: Հետազոտությունը կհամակարգի առողջապահության նախարարությունը: Հետազոտվող նմուշները կհավաքագրվեն, կպահեստավորվեն եւ կտեղափոխվեն Լիոն, որտեղ եւ կստացվեն հետազոտությունների վերջնական արդյունքները: Դրանք մարդու պապիլոմա վիրուսի հարուցած խնդիրներով ընդհանուր հիվանդացության վիճակը շտկելու հիմք կհանդիսանան:

Ուսումնասիրությունը կիրականացվի երկու փուլով` ողջ հանրապետությունում: Հիմնադրամը նաեւ հանրային իրազեկման աշխատանքներ կիրականացնի` տեղեկացնելով մարդու պապիլոմա վիրուսի հետեւանքների, դրա վաղաժամ հայտնաբերմամբ լրջագույն խնդիրներ կանխարգելելու հնարավորության մասին: Հայաստանում արդեն գրանցված քաղցկեղի դեպքերի արդյունքները եւս Լիոնի լաբորատորիայում կդառնան հետազոտման առարկա` պարզելու` արդյոք դրանց հիմքում եղել է ՄՊՎ վիրուսը, եւ որքանով էր հնարավոր կանխարգելել դրանք:

Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում հայտնի վարակաբան, բժիշկ Դանիել Ստամբուլյանը փոխանցել է նաեւ մի շարք վարակների դեմ Արգենտինայում տարվող պայքարի հիմնական շեշտադրումները, ներկայացրել արդյունքները` ընդգծելով պատվաստումների դերը պապիլոմա վիրուսի հետեւանքների կանխարգելման հարցում: Արսեն Թորոսյանին մեծապես հետաքրքրել են մասնագետի փոխանցած տեղեկությունները: Նախարարը ողջունել է նաեւ հոկտեմբերին Հայաստանում պատվաստումների ընթացակարգի եւ արդյունքների շուրջ գիտական քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը: 

Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը:

Այս թեմայով
am