Հաստատվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 16-ի «Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին» որոշումը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օր է հրապարակել 2018 թվականի սեպտեմբերի 23-ը:

Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է նաև, որ Երևանի ավագանու ընտրություններում 5 քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը:

Այս թեմայով
am