Մաքսատուրք՝ մաքսատուրքի հետևից. Թուրքիան ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմի» մեջ է ներքաշվել. «Газета»-ի անդրադարձը

Թուրքիան միացել է այն երկրներին, որոնք մասնակցում են ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմին»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ չորեքշաբթի, ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների, կտրուկ բարձրացվել են մի շարք ամերիկյան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը։ ԱՄՆ-ից ծխախոտի ներկրման մաքսատուրքն ավելացել է 60%-ով, ալկոհոլինը՝ 140%-ով, մեքենաներինը՝ 120%-ով: Բացի այդ, ավելացել են բրնձի, մրգերի, կոսմետիկ պարագաների և մի շարք այլ ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը: Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը կբոյկոտի Միացյալ Նահանգներում արտադրվող էլեկտրատեխնիկան:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոպիտ հռետորաբանությունը հանգեցրել են դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկմանը։ Սա առաջացրել է Էրդողանի խիստ բացասական արձագանքը։ Նա ԱՄՆ-ի գործողությունները «հարված թիկունքից» է անվանել, հայտարարել է նոր դաշնակիցներ փնտրելու մասին, հավաստիացրել է, որ Թուրքիան չի պարտվի «առևտրային պատերազմում» և խոստացել է պատասխան տալ մաքսատուրքերի սահմանմանը։


Էրդողանը վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշման փորձերը հաջողությամբ չեն պսակվի։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն փորձում է վնաս հասցնել թուրքական տնտեսությանը, քանի որ «այն համարվում է ամենաուժեղներից մեկը»։


Վերլուծաբանները նշում են, որ թուրքական լիրայի արժեզրկման խնդիրը երեկ չի առաջացել ու կապված չէ միայն պատժամիջոցների ու մաքսատուրքերի հետ։ Թուրքական լիրայի արժեզրկումը պայմանավորված է նաև դրամավարկային քաղաքականության վրա Էրդողանի ազդեցության հետ կապված մտավախություններով։ Նման կարծիք է հայտնել փորձագետ Գայդար Հասանովը։ Sberbank CIB-ից էլ Անդրեյ Կուզնեցովը հայտնել է, որ Թուրքիայում շարունակվում է արժութային ճգնաժամը. տեղի դրամավարկային իշխանությունները դեռ չեն ներկայացրել միջոցառումների ծրագիր, որոնք կհուսադրեին շուկայի մասնակիցներին։

Այս թեմայով
am