ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ ԲԱՑԱՏՐԵԼ Է ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԱՄՆ-Ի ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանում, քանի որ կորցնում է հետագա զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Խնդիրը Ռուսաստանը չէ. բանն այն է, որ ԱՄՆ-ը, հնարավոր է, պարզապես հասկանում է, որ կորցնում է հետագա զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները, այն ռեսուրսները, որոնք իրեն բավականացնում էին ճգնաժամերից դուրս գալու համար: Այն ճգնաժամերից, որոնք իսկապես ապրում էր աշխարհը: Այդ ռեսուրսներն այլևս չկան և պետք են նոր ու նոր ռեսուրսներ: Անհրաժեշտ է իրական էքսպանսիա՝ քաղաքական, ֆինանսական, տնտեսական, ինչին էլ մենք ականատես ենք լինում»,- ընդգծել է Զախարովան՝ հիշեցնելով, որ վերջին ժամանակներում Վաշինգտոնը բավական կոշտ պատժամիջոցային քաղաքականություն է վարում Չինաստանի, Իրանի և անգամ իր դաշնակից ԵՄ-ի նկատմամբ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հաստատել է, որ Մոսկվան պատրաստվում է պատասխանել Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին: «Այժմ այդ պատասխան միջոցները մշակվում են: Մենք հայտարարել ենք, որ ցավոք ստիպված ենք «հայելային» պատասխան տալ՝ հերթական անգամ հարաբերությունները փակուղուց դուրս բերելու և բարելավելու շուրջ մտածելու փոխարեն: Մենք այդ մասին ասել ենք բաց ու հրապարակայնորեն»,- հայտարարել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտն օգոստոսի 8-ին հայտարարել է Ռուսաստանի դեմ «Սկրիպալի գործի» հետ կապված նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա օգոստոսի 22-ից:

Բացի այդ, Ռուսաստանը պետք է երեք ամսվա ընթացքում ներկայացնի քիմիական զենք չօգտագործելու երաշխիքներ, ինչպես նաև համաձայնվի միջազգային ստուգումների իրականացմանը, այլապես 90 օրից կարող է բախվել պատժամիջոցների երկրորդ փաթեթին:

Այս թեմայով
am