«Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկը վկայի կարգավիճակում ցուցմունք տալիս հղիի վիճակը բավարար էր գնահատել. ամբաստանյալի կարգավիճակում ի՞նչ կհայտնի

2015թ. «Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով օրերս հայտնի դարձավ, որ ևս երկու բժիշկի է մեղադրանք առաջադրվել՝ նույն ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանին և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանին:

Նրանց մասով քրեական գործն արդեն դատարանում է և մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ հիշյալ քրեական գործի բժիշկներ Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի մասով դատարանում հարցաքննվել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը, վերջինս հայտնել էր, որ 2015թ հուլիսի 27-ի գիշերը զննել է Մերի Մարգարյանին:

Այն ժամանակ վկայի կարգավիճակ ունեցող Արամ Գրիգորյանի վստահեցնում էր, որ Մերիի թոքերում ոչ մի պաթոլոգիական փոփոխություն չի նկատվել, գիտակցությունը պարզ է եղել, ցավեր չի ունեցել, հևոցներ ևս չեն եղել, իսկ մինչ այդ եղել է մեկ անգամ փսխում, սակայն այս ամենը միասին կրկնակի հետազոտության համար պատճառ չի կարող հանդիսանալ:

Ինչ վերաբերում է նրան, որ Մերի Մարգարյանի ջերմությունը 35,8 է եղել, որի մասին Արամ Գրիգորյանին ևս տեղյակ են պահել, հղիին խորհուրդ է տվել տաքացնող միջոցներ, ինչպե նաև՝ տաք թեյ, որը կարող է նաև ձեռքերի ափերում պահել, որպեսզի արյան շրջանառությունը լավանա:

Գրիգորյանը Մերիի վիճակը բավարար է գնահատել, հիվանդանոց ընդունելուց հետո, նրա խոսքով, միակ փոփոխությունը եղել է ջերմության իջեցումն ու փսխումը:

«HELLP» սինդրոմի վերաբերյալ էլ Գրիգորյանը նշել էր, որ 15 տարվա իր մասնագիտական գործունեություն մեջ «HELLP» հիվանդության հետ չի առնչվել և այդ մասին միայն ծանոթ է կարդալու միջոցով:

Միևնույն ժամանակ Գրիգորյանը չէր բացառել, որ այդ ընթացքում Մերիի մոտ «HELLP» հիվանդությունն է զարգացել:

Մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանին և Արամ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի նրանք մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածնի մահը:

Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը 2015 թվականի հուլիսի 26-ին բարձր ջերմության, մարմնի թուլության, ձախ գոտկային շրջանի ցավեր ախտորոշումով հոսպիտալացրել է հղի Մերի Մարգարյանին, հաջորդ օրը՝ հուլիսի 27-ին` գիշերը ժամը 04.00-ին, Մ. Մարգարյանի մոտ արձանագրված՝ նախորդ հետազոտությունների արդյունքների համեմատությամբ բացասական դինամիկայի և նրա ոչ բավարար վիճակի պայմաններում Տիգրան Սարգսյանը և վերջինիս կողմից հիվանդին զննելու համար հրավիրված հերթապահ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը, հիվանդի դիտումը կատարելուց հետո որևէ նշանակում չեն կատարել, չեն կատարել տվյալ իրավիճակում անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքները կարող էին վկայել հիվանդի մոտ զարգացող բազմաօրգանային անբավարարության, հնարավորինս շուտ կեսարյան հատման միջոցով ծննդալուծում կատարելու անհրաժեշտության մասին, ինչը կարող էր կանխել «HELLP» համախտանիշի զարգացումը:

Տիգրան Ռուդիկի Սարգսյանին և Արամ Վաչագանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այս թեմայով
am