Մայիսից արտագաղթը Հայաստանում կանգնել է. Ն. Փաշինյանը՝ Բերդի բնակիչներին

13։30 

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Բերդ քաղաքում, բնակիչներին բացատրեց, որ եթե բողոքում են, որ Բերդի հիվանդանոցում ծննդկաններից փող են վերցնում (ծննդօգնությունը անվճար է), թող բողոքելուց հետո կոնկրետ հասցեատեր նշեն: 

«Մարդիկ գալիս են, ասում ենք՝ ժողովուրդ ջան, մենք չենք կարող անանուն նամակի վրա, առանց հասցեի իմանանք… մեկդ եկե՛ք, ասե՛ք, ով է, եկեք հաստատե՛ք: Մենք արմատախիլ կանենք այդ երևույթը և այդպես վարվողներին խստագույնս կպատժենք: Բայց մի հոգի չի գտնվում, այդ թվում՝ բողոքավորները, որ կոնկրետ անուն տան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա հռետորական հարց տվեց. «Ի՞նչ, մենք ամբողջ ազգով, կներեք արտահայտությանս համար, ուզում ենք գողական լինե՞լ ու թալանի դեմն առնել։ Չի լինի այդպես»։ 

«Ես հիմա կառավարության ու երկրի ղեկավարի կարգավիճակում եմ, դուք էլ եք հիմա երկրի ղեկավարի կարգավիճակում, որովհետև Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարը քաղաքացին է:

Ես երկրի ղեկավարի, բայց քաղաքացու ծառայի կարգավիճակում եմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա առաջարկեց. «Ժողովուրդ ջան, մի՛ սպասեք, եկե՛ք և օր առաջ ձեր հայրենիքը շենացրեք»: 

Վարչապետն այս համատեքստում հավելեց, որ պետք է փոխվի բարեգործության տրամաբանությանը աշխատանքի տրամաբանությամբ. երբ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող ամեն մի հայ, հայաստանցի գումար է ուղարկում Հայաստանում գտնվող ազգականներին, բայց ներդրումներ չի անում հայրենիքում: Հիմա, նրա խոսքով, նման բան չի կարող լինել, որովհետև Նոր Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը: 

«Այն ժամանակ դա անում էին, որովհետև վախենում էին՝ մի գործ դնեն, բիզնես, գալու են, փայ են մտնելու, խլելու են: Ես ասում են՝ նման բան չի կարող լինել»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց՝ հետևաբար սպասելու հարց չկա: 

Նա խնդրեց հաղթահարել վատատեսության տրամաբանությունը և ասաց, որ լավ նորություն ունի՝մայիս ամսից սկսած արտագաղթը Հայաստանում կանգնել է: 

13։12 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ աշխատանքային այցի հանդիպումներից առաջինը Բերդում էր։ Վարչապետն իր ելույթում ասաց, որ այստեղ վերջին անգամ եղել է «նախահեղափոխական Հայաստանում», 2017-ի մարտին, և հիմա մարդկանց դեմքին տեսնում է ժպիտներ, որն ամենակարևոր բանն է համարում։

«Ինչի՞ համար եմ եկել, ի՞նչ ունեմ ձեզ ասելու: Ձեզ ունեմ ասելու մի շատ կարևոր բան, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են: Ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին»,-տավուշցիներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ բանալին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացատրությամբ, այն է, որ ավելի քան 20 տարի Հայաստանում ժողովուրդն ուզում էր փոփոխություններ և դրանք տեղի չէին ունենում. եկավ 2018 թվականը և այդ փոփոխությունը տեղի ունեցավ:

«Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա հարց տվեց՝ ինչո՞ւ էր մնում անլուծելի ու պատասխանեց՝ որովհետև 23-24 տարի մարդիկ մտածում էին, որ քաղաքական փոփոխություն պետք է անեն՝ ընդդիմության այս՛ լիդերը, ա՛յն առաջնորդը և ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում փոփոխությունը, նեղանում էին այդ առաջնորդից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացավ, որ դա պետք է անի յուրաքանչյուրը, այլ ոչ թե ինչ-որ առաջնորդ: Ամեն մեկը պետք է լինի առաջնորդ:

«Ես նույն մարդն էի մարտի 31-ին և մայիսի 8-ին: Նույն մարդն եմ՝ վերջին 20 տարվա ընթացքում: Մի քանի գիրք ավել եմ կարդացել, մի քիչ տեսքս է փոխվել: Բայց ի՞նչը փոխվեց: Փոխվեց ձեր ընկալումը, փոխվեց այն, որ հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում»,-բացատրեց Նիկոլ Փաշինյանը:

Նախքան ելույթ ունենալը Նիկոլ Փաշինյանը զրուցեց մարդկանց հետ, սեղմեց իր հետ հանդիպման եկած տղամարդկանց ձեռքերը:

Այսօր վարչապետը կլինի նաև Նոյեմբերյանում, իսկ վաղն արդեն կհանդիպի Իջևանի և Դիլիջանի բնակիչների հետ։

Այս թեմայով
am