Հուսով եմ՝ հանքարդյունաբերողները հասկանում են, որ իրավիճակ է փոխվել, և հին ձևով շարունակվել չի կարող

Այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսելով հանքարդյունաբերության խնդիրներ վերաբերող հարցերից նշեց, որ դրանք ուսումնասիրելիս ամենակարևորը արդարության հարցն է, այսինքն՝ պետք է դիտարկել, թե Կառավարության այս կամ այն որոշումը որքանով արդարացի կլինի տարբեր շահառուների համար՝ և՛ հասարակության ներկայացուցիչների, որ պայքարում են հանքերի դեմ, և՛ տնտեսվարողների:

«Բնականաբար, չենք կարող թույլ տալ՝ հանք շահագործվի, որն աղետաբեր հետևանքներ կունենա մեր ջրերի, առողջության, մեր սերունդների կենսամիջավայրի վրա, այսինքն՝ սա հենց այն տրամաբանությունն է, որից մենք բխում ենք, բայց սա պետք է լինի շատ փաստարկված, մենք չենք կարող խոսել էմոցիաների դաշտում, պետք է ունենանք կոնկրետ փաստեր, որ այս իրողությունը տեղի է ունենալու: Կարող ենք իրավական դաշտը մի կողմ դնել և ռիսկի տեսանկյունից դիտարկել, բայց բանականության դաշտից պետք է դուրս չգանք»,- ասաց նա:

 

Ավինյանը նշեց, որ իրեն հետաքրքիր է փորձագետների կարծիքը, տեղեկացրեց, որ «Լիդիան»-ի մասով աշխատանքային խումբ են ձևավորել, որտեղ նաև միջազգային փորձագետների են ներառել, և ենթադրում է, որ արդեն մյուս շաբաթ այս խումբը կսկսի իր աշխատանքներն ու կտա իր եզրակացությունը:

«Մենք պետք է այս մասով էմոցիաները մի կողմ դնենք, մնանք փաստարկների դաշտում. եթե կլինի մի փոքր հավանականություն, որ կա վտանգ մեր ջրերին, որևէ բան չի կարող խանգարել, որ շահագործումը դադարեցվի, բայց գուցե կան նախապայմաններ, որ պետք է այդ ընկերությունն ապահովի՝ ռիսկերից ազատվելու համար: Փորձագիտական մակարդակով դեռ որևէ հիմնավոր փաստարկ չեմ լսել: Այն փորձագետները, որոնք այս գործընթացի մեջ եղել են, ներկայացրել են իրենց կարծիքները, որոնք միանշանակ չեն. չկա այդ միանշանակ գնահատականը, անգամ այն փորձագետները, ում հրավիրել էին բնապահպանական ակտիվի ներկայացուցիչները, ասացին՝ որոշակի նախապայմանների ապահովման դեպքում հանքը կարող է շահագործվել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց պետք է հենց այդ համապարփակ գնահատականը:

Փոխվարչապետը նշեց, որ այս փուլում իրենք բոլոր մետաղական հանքերի հետ կապված որոշակի վերապահումներ ունեն, ապա շեշտեց՝ գաղտնիք չէ, որ մետաղական հանքերը մեր երկրում շահագործվել են բնապահպանական նորմերի խախտմամբ, եթե ոչ՝ կոպիտ խախտմամբ, ու քանի դեռ շահագործողների հարցը հիմնավոր կերպով չեն լուծել, նոր հանքերի շահագործումը նպատակահարմար չեն համարում:

«Հուսով եմ՝ հանքարդյունաբերողները հասկանում են, որ իրավիճակ է փոխվել, և հին ձևով շարունակվել չի կարող, իրենք որոշ հարցեր պիտի վերանայեն, մենք՝ օրենսդրությունը, քանի որ այդտեղ կան լրջագույն բացեր: Հայաստանի բնապահպանական ոլորտը պետք է ունենա իր տեղը, մենք պետք է չմոռանանք բնապահպանական ռիսկերի մասին»,- նշեց փոխվարչապետը:

Այս թեմայով
am