Գնաճի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են, գերիշխող ապրանքային շուկաներում գները կայուն են. ՏՄՊՊՀ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են գնաճի թեմային, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես վերահսկողություն և գնային մոնիթորինգ է իրականացնում գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների փոփոխության հիմնավորվածության, ինչպես նաև հնարավոր մրցակցային խնդիրների հայտնաբերման և կանխարգելման նպատակով: 

Այս մասին հայտնում են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ 
Եվ այսպես, Հանձնաժողովի կողմից այսօր կատարված դիտանցման արդյունքներով, գերիշխող ապրանքային շուկաներում գները հիմնականում կայուն են, իսկ ինչպես և հայտարարվել էր մի քանի օր առաջ,  որոշ շուկաներում, պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով  արձանագրվել է գնի նվազում  (շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ձու,  կաթնամթերքի որոշ տեսակներ և այլն):    

ՏՄՊՊՀ մոնիթորինգը փաստում է, որ սոցիալական կարևորության հիմնական ապրանքային շուկաներում գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:  Մասնավորապես խոսքը վերաբերում է ձեթի, կարագի, կաթնամթերքի, մակարոնեղենի, ձկան, հավի մսի և այլ շուկաներին:    Գնային բարձրացում չի արձանագրվել նաև ալյուրի շուկայում:  Բարձրակարգ ալյուրի 1 կիլոգրամը վաճառվում է 202 դրամով:   

Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ գնաճի վերաբերյալ հայտարարությունները ապատեղեկատվություն են: 

Հարկ ենք համարում նաև նշել, որ քաղաքացիների դժգոհությունները, ըստ մամուլի հրապարակումների, կապված են հիմնականում սեզոնային մրգերի և բանջարեղենների թանկացման հետ:  Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ Մրցակցային մարմինը, օրենքի պահանջին համապատասխան վերահսկողություն է իրականացնում բացառապես գերիշխող ապրանքային շուկաներում, ինչն այս պարագայում առկա չէ:  Գյուղատնտեսական մթերքների շուկայում գործունեություն են իրականացնում հարյուրավոր փոքր և միջին մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ և որևէ տնտեսվարող չի համապատասխանում գերիշխող համարվելու համար օրենքով  սահմանված չափորոշիչներին:  Դրանք մրցակցային շուկաներ են, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմներին համապատասխան։ 

Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և  գյուղմթերքների գների բարձրացման հետ կապված սպառողների մտահոգությունը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է ոլորտի պետական լիազոր մարմին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:  Լիազոր մարմնի պարզաբանմամբ, խնդիրը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես գյուղատնտեսության համար անբարենպաստ շոգ եղանակային պայմաններով: 

Հանձնաժողովը շարունակում է ամենօրյա դիտանցումները սոցիալական նշանակության խոշոր ապրանքային շուկաներում և չարաշահման փաստեր հայտնաբերելու դեպքում կկիրառի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:  

Այս թեմայով
am