Ինչպես են վաճառվել ուրիշների գերեզմանները

«Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի գերեզմանատների տարածքները, դրանցում արձանագրված մի շարք հանցագործություններ, ծանոթացել է բազմաթիվ փաստաթղթերի, դատական գործերի, զրուցել պատասխանատուների հետ և պարզել է գերեզմանատների կառավարման ոլորտում առկա բացերը, որոնք պարարտ միջավայր են դարձել կոռուպցիոն դրսևորումների համար։
2018-2022թթ․-ն Երևանի «Քանաքեռի» գերեզմանատանը ապօրինի հուղարկավորությունների, գերեզմանաքարերի պղծման, մասնավոր անձանց պատկանող հողամասում թաղման, գերեզմանների վկայականների կեղծման, կաշառք պահանջելու և կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր են գրանցվել։
Գործերից մեկով մեղադրյալի աթոռին է հայտնվել գերեզմանատներից մեկի նախկին հսկիչը, որին վերագրել են «Քանաքեռի» գերեզմանատանը կատարված բազմադրվագ և տարատեսակ հանցագործություններ։ Իրավապահներն այդ հանցագործությունների և դրանք կատարողների մի մասին են բացահայտել։ Մյուսների ճակատագրերն անհայտ են։
Երևանի Հասրաթյան փողոց 9 հասցեում գտնվող «Քանաքեռի» գերեզմանատունը «մասնակի փակ» կարգավիճակ ունի։ Այստեղ սպառված են գերեզմանների տեղերը։ Կարելի է հուղարկավորություն կատարել միայն ընտանեկան գերեզմաններում, որտեղ որ ազատ տեղեր կան։ «Քանաքեռի» գերեզմանատանը նոր հողահատկացումներն արգելված են։
Հին գերեզմանների պղծում, տեղում նոր հուղարկավորությունների կազմակերպում
«Քանաքեռի» գերեզմանատան ընտանեկան գերեզմաններից մեկում 11 հանգուցյալ է կողք կողքի թաղված եղել։ Մահացածները հուղարկավորվել են տասնամյակներ, նույնիսկ՝ ավելի քան մեկ դար առաջ (օրինակ՝ 1912թ․-ին): Հանգուցյալների հարազատները, մի օր այցելելով գերեզմանատուն, տեսել են, որ իրենց հարազատներից 3-ի գերեզմանաքարերի փոխարեն նոր հողաթումբ կա՝ առանց ցուցանակի։ Նույն պահին գերեզմանոցում է եղել նոր հուղարկավորվածի հարազատը։ Բոլորը անակնկալի են եկել տեղի ունեցածից։ Հետագայում պարզել են, որ ավելի վաղ հանգուցյալների տապանաքարերը հանվել, կոտրվել և տեղափոխվել են «Քանաքեռի» գերեզմանատան այլ վայր, իսկ տարածքը հատկացվել է նոր մահացածի հարազատներին՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Պարզվել է, որ նոր հանգուցյալի համար հողահատկացումն իրականացրել է գերեզմանատան նախկին հսկիչը՝ 400 հազար դրամի դիմաց․ գումարի պահանջը ներկայացվել է որպես բետոնապատման և գերեզմանի բարեկարգման ծախս։ «Քանաքեռի» գերեզմանատանը հին գերեզմանների պղծման դեպք «Հետք»-ը արձանագրել էր նաև 2021 թ.-ին։
«Ամրագրված» և վերավաճառված գերեզմանատեղի
«Քանաքեռի» գերեզմանատանը 2020թ.-ից առաջ մի հողակտոր մետաղական ցանկապատով առանձնացվել և «պատկանել» է մի կնոջ։ Առանց որևէ իրավական հիմքի դա համարվել է նրա տարածքը, որտեղ հանգուցյալ չի հուղարկավորվել։ Գերեզմանատան նախկին հսկիչն այդ կնոջից, առանց որևէ փաստաթղթի, 1200 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել այսպես ասած գերեզմանը (այդտեղ հանգուցյալի աճյուն չի եղել)։ Հետագայում այդ դատարկ տարածքն ավելի թանկ գնով՝ 4000 ԱՄՆ դոլարով վաճառել է մեկ այլ անձի, որը ցանկացել է տվյալ գերեզմանատանն իր մահացած հարազատին հուղարկավորել։ Հուղարկավորությունը կատարվել է 2020թ․-ին։ Նմանատիպ «ամրագրված» և վերավաճառված գերեզմաններ Երևանի մյուս գերեզմանատներում էլ կան։
«Մասնակի փակ» ռեժիմով գերեզմանատանը նոր հողահատկացում է արվել
«Քանաքեռի» գերեզմանատան տարածքում և գերեզմանատան հարևանությամբ Երևան համայնքին պատկանող հողամասերում 2020թ․-ին մի շարք հուղարկավորություններ են կատարվել։ Քանի որ գերեզմանատունը հանդիսացել է «մասնակի փակ», և նոր հողահատկացումներ հնարավոր չեն եղել, գերեզմանատան նախկին հսկիչը գերեզմանի կեղծ վկայականներ է պատրաստել։ Այսպես, նոր մահացած մարդկանց հարազատներին տրվել է գերեզմանատեղիի քարտ, որտեղ կեղծ տվյալներ են ներառվել, թե իբր 1980, 1970 և այլ թվականներին նրանց հարազատներն են այդտեղ թաղած եղել, և թույլատրվում է նրանց գերեզմանների կողքին նոր հանգուցյալի հուղարկավորել։ Նմանատիպ դեպքերով գերեզմանատան նախկին հսկիչը մահացած անձանց հարազատներից պահանջել և ստացել է կաշառք։ Այդկերպ «մասնակի փակ» ռեժիմով գերեզմանատանը և գերեզմանատան հարակից, Երևան համայնքին պատկանող հողամասերում ապօրինի հողահատկացումներ են կատարվել։
Գերեզմանի կեղծ քարտեր կամ վկայականներ են պատրաստվել
Նույն գերեզմանատանը 2020թ․ ապրիլին 9 քմ հողակտորում հուղարկավորություն կազմակերպելու համար նախկին հսկիչը մի քաղաքացուց մաս-մաս 1 միլիոն 200 հազար դրամ գումար է պահանջել և ստացել։ Գումարի դիմաց կազմվել է գերեզմանի կեղծ քարտ, թե իբր այդ 9 քմ հողակտորում հուղարկավորված է մահացածի ազգականը։ Գերեզմանի կեղծված քարտի հիման վրա Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը տվել է գերեզմանի վկայական։
Նույն թվականի հունիս ամսին նույն հսկիչը մեկ այլ քաղաքացու հարազատին հուղարկավորելու համար 7.5 քմ հողահատկացում է կատարել։ Այս դեպքում ևս գերեզմանի կեղծված քարտ է պատրաստվել, որի դիմաց հանգուցյալի հարազատից հսկիչը ստացել է 1400 ԱՄՆ դոլար։ Այս դեպքում ևս կեղծված քարտի հիման վրա «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հուղարկավորված անձի հարազատներին է տրամադրել գերեզմանի վկայական։ «Քանաքեռի» գերեզմանատանը հուղարկավորված անձանց վերաբերյալ արխիվային տվյալները սկսվում են 1986թ.-ից, իսկ գերեզմանի կեղծ վկայականներում մահվան տարեթիվ է նշվել մինչ 1986թ․։
Մասնավոր սեփականություն համարվող հողամասերում հուղարկավորություններ են կատարվել
2021թ․-ին իրավապահներին զեկուցագրով դիմել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը և հայտնել, որ «Քանաքեռի» գերեզմանատանը և դրա հարակից տարածքներում հայտնաբերվել է 8 գերեզման, որոնցում կատարված հուղարկավորություններն իրականացվել են գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրից դուրս։ Ըստ զեկուցագրի՝ հուղարկավորությունները հանրային ծառայողն է իրականացրել, որի դիմաց ստացել է ապօրինի վարձատրություն։ Հետագայում արդեն Ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018 և 2021թթ․-ին Հասրաթյան 9 հասցեի գերեզմանոցի հարևանությամբ՝ Հասրաթյան 8/6 հասցեում, մի քաղաքացու սեփականությունը համարվող 267 քմ հողամասում, սահմանված կարգի խախտմամբ, հուղարկավորվել են տարբեր անձինք։ Հողամասի սեփականատերը իրավապահներին հայտնել է, որ «Քանաքեռի» գերեզմանատան հարևանությամբ գտնվող հողամասն իր ընտանիքին տարիներ առաջ հատկացվել է այգեգործական նպատակով, այնտեղ կառուցել են կացարան, սակայն չեն օգտագործել։ Տուժողը հայտնել է նաև, որ իրենց հողամասը որևէ արգելապատնեշով գերեզմանոցից առանձնացված չի եղել։ Հողամասի սեփականատերը տարածք երկար ժամանակ չի այցելել, հետագայում է իմացել, որ հողամասում տարբեր անձանց են հուղարկավորել, և այն վերածվել է գերեզմանոցի։
Երևանի քրեական դատարանում քննվել և կարճվել են «Քանաքեռ»-ի գերեզմանատանը տեղի ունեցած բազմադրվագ հանցագործությունների դեպքերը։ Մեղադրյալը մեկն էր՝ մայրաքաղաքի մեկ այլ գերեզմանատան նախկին հսկիչը։ Տուժողները 8-ն էին, որոնցից բացի, վնաս է կրել նաև Երևան համայնքը։ Հանցագործության դեպքերի մի մասը բացահայտել էր ԱԱԾ-ն, մի մասը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից իրավապահներին ուղղված դիմումներից հետո էր պարզվել, մի քանի դեպք էլ քաղաքացիների հաղորդումների հիման վրա էր բացահայտվել։ Միակ մեղադրյալը չի պատժվել՝ տուժողների հետ հաշտվելու և վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Քանաքեռի գերեզմանատանը նոր հողահատկացումներ են արվում
2025թ․-ի հունվարին այցելեցինք «Քանաքեռի» գերեզմանատուն։ Մեր այցելության ժամանակ նոր գերեզմանափոս էր փորվում, նոր հողահատկացում էր արվել Երևան համայնքին պատկանող տարածքում։ Գերեզմանատան տարածքում բազմաթիվ կոտրված գերեզմանաքարեր կային՝ հիմնականում աղբին միախառնված։ Մի քանի հին գերեզմանի ցանկապատեր հանված էին, գերեզմանաքարերը՝ վնասված։ Կային գերեզմաններ, որոնք աղբի կույտի մեջ էին․ ակնհայտ էր, որ «նախապատրաստվում են» ոչնչացման։
Հասրաթյան 8/6 հասցեի տարածքը, գրեթե ամբողջությամբ, զբաղեցված է գերեզմանատեղիներով, և ոչ միայն այդ հասցեն։ Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ ևս մի քանի հողակտոր՝ կից Հասրաթյան 8/6 հասցեին, պատկանում է այլ անձանց, որոնք նույնպես այժմ գերեզմանատեղիներ են։ Քարտեզում կարող եք տեսնել այն տարածքները, որոնք պատկանում են մասնավորին կամ Երևան համայնքին։ Այդ տարածքներում այժմ գերեզմանատեղիներ են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում