Փաշինյանի հակակոռուպցիոն քաղաքականությունը թույլ կտա դուրս գալ բյուրոկրատիայի ճահիճից.Ամրամ Պետրոսյան

-Դուք վերջերս եք վերադարձել Հայաստան, ինչպե՞ս եք վերաբերում երկրում տեղի ունեցած քաղաքական իրողությունների փոփոխությանը:

-Ողջույններս, իսկապես ես 13 տարեկանից ապրել եմ հայրենիքից դուրս, բայց իմ ամբողջ գիտակից կյանքի ընթացքում հոգով, մտքով ու գործնական քայլերով Հայաստանիս հետ էի: Գիտեմ, որ մեր հայրենակիցներից շատերը ակտիվորեն մասնակցում էին երկրում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցող իրադարձություններին: Ես նույնպես այդ ընթացքում Երևանում էի, նույնիսկ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելու օրը: Խորապես համոզված եմ, որ այդ իրադարձությունները Հայաստանի համար բացում են նոր հնարավորությունների հավելյալ պատուհաններ: Իշխանության են եկել առաջադեմ մտածողությամբ օժտված նոր դեմքեր, հետևապես մեր երկիրն իր սրընթաց զարգացման համար ձեռք է բերել  յուրօրինակ հնարավորություն:

- Ի՞նչ հիմքեր եք տեսնում դրա համար:

-Ինքնին ուշագրավ է Սարգսյանից-Փաշինյանին իշխանության փոխանցումը: Էքսպերտներից շատերը մտավախութուններ էին արտահայտում Ուկրաինայի տարբերակով կոշտ սցենարների ռիսկերի մասին, բայց մենք բոլորս էվոլյուցիոն ուղղու ականատեսը եղանք: Միջազգային ամբողջ հանրության համար Հայաստանը այս առումով հոյակապ օրինակ է, կայացավ իշխանության փոխանցման ժողովրդավարական տարբերակը՝ պետական բոլոր ինստիտուտների պահպանությամբ: Ընդ որում, Փաշինյանի բարեփոխական մոտեցումը նախ և առաջ ուղղված է պետական ապարատի աշխատանքների որակական փոփոխությանը: Բոլոր նրանք ովքեր ցանակնում են մեր երկրի ու ազգաբնակչության իրական զարգացումը, պետք է աջակցեն Փաշինյանի նախաձեռնություններին, որ նրանք չխեղդվեն բյուրոկրատիայի ճահճում:

Հայաստանի ապագան հիմա իսկապես մեր ձեռքերում է: Այսօրվա իշխանությունը պետական համակարգ է բերում նոր մարդկանց, հնարավորություն է տրվում երիտասարդներին, այսինքն՝ ակներև է սոցիալական վերելքի հնարավորությունը: Այսուհանդերձ, ներկայումս հարակավոր է զգուշավոր խոսել մոտալուտ և հեռու ապագայի հեռանկարների մասին, քանզի վստահորեն վերջնական եզրակացություններ արտահայտելու համար անցել է շատ քիչ ժամանակ: Միևնույն ժամանակ պետք է կրկնվեմ՝ Փաշինյանը Հայաստանի համար բացեց հնարավորությունների նոր պատուհան, և մենք պարտավոր ենք դրանցից  օգտվել  ի նպաստ ամբողջ հայ ազգի: Առանձնահատուկ կշեշտեմ հակակոռուպցիոն գործողությունների և պետական անվտանգության ապարատի բարձր որակավորման աշխատանքները: Այս առումով մեծ հույսեր եմ կապում նոր աշխատակազմի գործելակարգի հետ, հուսով եմ նրանք կմշակեն հատուկ մեխանիզմներ՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր նախկին և ներկա պաշտոնատար անձանց և այլն, ովքեր իրենց հակաիրավական քայլերով զգալի վնաս են հասցրել ՀՀ և հայ ազգին, սկսած 3-րդ ՀՀ կայացման օրից: Հարկավոր է բացահայտել ու պատժամիջոցներ կիրառել Հայաստանում կոռուպցիայի զարգացմանը հնարավորություն տվող, սկզբնախբյուր հանդիսացող պաշտոնատարներին ևս:

-Հայաստանում գործելու հստակ նախագիծ ունե՞ք:   

 

- 20 տարի ավել զբաղվում եմ քաղաքական, հասարակական, միջազգային և տնտեսական գործունեությամբ: Տարբեր նախագծերի շրջանակում շատ տարբեր երկրներում եմ եղել, իրականացրել եմ շատ տարբեր նախագծեր, ուստի, այդ փորձի հիման վրա իմ թիմի հետ այստեղ արդեն կազմակերպում եմ «հասարակական նախաձեռնությունների աջակցման» կենտրոն: Իմ խորին համոզմամբ՝ յուրաքանչյուր մարդ պետք է հնարավրություն ունենա իրացնել  իր ներուժը: Դրանք կարող են լինել սոցիալական, բարեգործական, ազգային դիվանագիտության և այլ նախագծեր:

Մեր գործունեության կարևորագույն ուղղություններից է լինելու նաև նորարարական զարգացումը: Մենք պետք է ստեղծենք երիտասարդ գիտնականների ու գիտական կենտրոնների զարգացման համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Երկրում պիտի լինեն այնպիսի գրավիչ պայմաններ, որ արտասահմանում գտնվող մեր ամենախելացի, տաղանդավոր ու հաջողակ հայորդիները ցանկանան վերադառնալ Հայաստան: Մենք բոլորս գիտենք աշխարհասփյուռ հայության հզորությունը, հայերը ամենատարբեր երկրներում զբաղեցնում են պետական ու հզորագույն կոռպոռացիաներում առանցքային պաշտոններ: Հենց դա է մեր ներուժի զգալի մասը, այդ թվում և Հայաստանում առաջիկայի ու հետագայի ներդրումների առումով:

- Շնորհակալություն Ամրամ Դավիդովիչ  հարցազրույցի համար

- Խնդրեմ, մաղթում եմ հաջողություններ:

Այս թեմայով
am