Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում. Արմեն Աշոտյան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Լիագումար նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և օրակարգային այլ կարևոր հարցերի:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի ad-hoc պատվիրակությանը՝ Երևան կատարած այցի, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների շուրջ տրված գնահատականների համար: Այս համատեքստում, անդրադառնալով իշխանության ոչ բռնի փոխանցման գործընթացին, Արմեն Աշոտյանը նշել է, որ կատարվածը փաստում է Հայաստանում առկա քաղաքական մշակույթի զարգացվածության բարձր մակարդակի մասին:

Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը ջանքեր են ներդրել բախումներից խուսափելու համար:

Արմեն Աշոտյանն իր խոսքում նաև ընդգծել է, որ նոր Կառավարությունը լեգիտիմ խորհրդարանի կողմից կատարված ընտրության արդյունք է, ինչը խիստ կարևոր սահմանադրական հիմք է Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման տեսանկյունից:

Անդրադառնալով Հայաստանում ձևավորված նոր Կառավարության հետ փոխգործակցությանը՝ Արմեն Աշոտյանը կարևորել է անհանդուրժողականության արմատախիլ անելը, քաղաքական բազմակարծության խթանումը, մամուլի ազատության երաշխավորումը, ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ հարգանքը, քաղաքական դրդապատճառներից ելնելով դատական հետապնդումների բացառումը:

Իր խոսքում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաև անդրադարձել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացին, այս համատեքստում կարևորել ընտրական բարեփոխումների իրականացումը քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա՝ ընդգծելով ընտրությունների անցկացման համար տրամաբանական ժամկետների սահմանումը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է ԵՄ անդամ-պետությունների խորհրդարաններում համաձայնագրի արագ վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

Եվրոպական միության հետ հարաբերությունների խթանման գործընթացում Արմեն Աշոտյանը կարևորել է «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի ավելի լայնիմաստ կիրառումը՝ շեշտադրում կատարելով քաղաքական և մյուս ոլորտներում աջակցության և համագործակցության վրա՝ հիմնված գաղափարական արժեքների վրա:

Իր խոսքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությանը ու նշել, որ ընդունելի սկզբունք պետք է լինի բոլորի համար առ այն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում: Այս համատեքստում նաև նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բացառապես ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա:

Ելույթի վերջում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը կլինի երբևիցե խաղաղության և համագործակցության օրրան:

 

 

 

 

Այս թեմայով
am