ԱԺ-ի աշխատակցուհին պնդում է, որ երկու տարի շարունակ կառույցում թրաֆիքինգի է ենթարկվել

Ազգային ժողովում մաքրուհիների կադրային ջարդ է սկսվել: «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի մեկին ղեկավարությունն անհասկանալի պատճառներով աշխատանքից ազատելու է 13 աշխատակցի, որոնք աշխատում են մաքրության ապահովման բաժնում: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին միանգամից հինգ մաքրուհի: Սակայն վերջիններս առայժմ խուսափում են բողոքը իրենց անուններով ներկայացնել:

«13 հոգուն շատ անարդար ձեւի գործից ազատում են, իրենք թոշակառու չեն: Սա կարող եմ ասել, որ մեր վերադասի՝ Կարինեի ցանկությամբ է արվում: Նա մեկ տարի առաջ է եկել, գրանցված է ցերեկային հավաքարար, բայց մեկ ժամ գալիս է ու տանից այստեղի գործերը հեռախոսով կառավարում է»,- փոխանցեց ԱԺ-ի մաքրուհիներից մեկը:

Մեկ այլ աշխատակից էլ տեղեկացրեց, որ աշխատակազմից փոխանցել են, որ այդ 13 աշխատակիցը հեռացվում է վատ աշխատանք կատարելու հետեւանքով:

«Մեզ ասում են, որ 13 հոգիս լավ չենք աշխատում: Մեր աշխատածն, ասում են՝ դուր չի գալիս, բայց, եթե մեկ մարդու վրա 3 հատ զեկուցագիր չի եկել, ապա իրավունք չունեն աշխատանքից հանելու: Մեզանից ոչ մեկի վրա զեկուցագիր չի եկել, բայց հանում են: Ղեկավարությունից ասում են՝ չեք ուզում, դիմումը գրեք, դուրս արեք»:

Մաքրուհիներից մեկն էլ փոխանցեց, որ այսուհետ երկարացնելու են իրենց աշխատաժամերը, սակայն աշխատավարձի բարձրացում չի լինելու: «Հավաքարարները հուլիսի 1-ով պետք է աշխատեն 8 ժամ, բայց նախկինում աշխատել են 1,5 ժամ: Ասում են՝ ինչու՞ պետք է բաժնի աշխատողը 8 ժամ աշխատի, իսկ հավաքարարը՝ ոչ: Բայց բաժնի աշխատողին ինչո՞ւ են համեմատում հավաքարարի հետ: Հավաքարարը 1,5 ժամ առանց հանգստի աշխատում է, իսկ բաժնի կին աշխատողները մանիկյուռ են անում, ունք են հանում»:

Բաժնի աշխատակիցները նաեւ դժգոհեցին, որ իրենց աշխատանքը համակարգում է Կարինե Սարգսյան անունով մեկը, որն աշխատակազմում գրանցված է որպես ցերեկային մաքրուհի, բայց «շեֆի» պարտականություններ է իրեն վերապահում: Մաքրուհիները պնդում են, որ Կարինե Սարգսյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի «մարդկանցից» է եւ իրենց հետ անհարգալից է խոսում:

«Ժառգոնով է խոսում մեզ հետ: Նա իրավունք չունի պետական համակարգում աշխատի: Մտնում ես սենյակ՝ ծխախոտը բերանը խոսում է հետներս: Մեզ այնպես է անպատվում, որ ասելու չէ»,- նշում են մաքրուհիները:

Մաքրուհիներից մեկն էլ նշում է, որ երկու տարի շարունակ Ազգային ժողովում աշխատանքային թրաֆիքինգի է ենթարկվել: Նա որպես մաքրուհի իր կատարած աշխատանքի դիմաց ստացել է 62 հազար դրամ, սակայն աշխատակազմից առաջարկել են 2016 թվականից նաեւ լվացքատանն աշխատի՝ հավելյալ 40 հազար դրամով, բայց մինչեւ այսօր չի վճարվել:

Մաքրուհիները դժգոհում են, որ իրենց աշխատանքային պայմաններն անմարդկային են: Մասնավորապես, նրանց հանգստի սենյակը գտնվում է 4-րդ հարկում, որն արդեն տանիքի հատվածում է: Խորհրդարանի ոսկեզօծ սրահի օդորակիչների «դրսի կտորը» դրված է նրանց հանգստի սենյակում, որն էլ, ըստ աշխատակիցների, շնչառական խնդիրներ է առաջացնում:

Կադրային ջարդի մասին ՀԺ-ին փոխանցված տեղեկությունն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հաստատեց, բայց նաեւ ընդգծեց, որ առանց պատճառի որեւէ մեկն աշխատանքից չի ազատվում:

«Բոլոր ազատվողներին պատճառներն ասվել է: Իրենց կատարած աշխատանքը չի համապատասխանում այն չափանիշներին, որը պահանջվում է: Լավ չեն մաքրում: Պայմանագրերը չեն շարունակվում այն մաքրուհիների հետ, որոնց աշխատանքը չի բավարարում աշխատակազմի համապատասխան պատասխանատուին»,- ասաց Բաբայանը:

Արսեն Բաբայանն ասում է՝ բոլոր ազատվողները, որոնք, ի դեպ, 12-ն են, ժամկետային պայմանագրեր են ունեցել: «Պայմանագրի ժամկետը մոտենում է իր ավարտին եւ օրենքով սահմանված կարգով մենք իրենց 10 օր առաջ ծանուցել ենք: Գործատուի իրավունքն է՝ շարունակել պայմանագիրը, թե՝ ոչ: Գործատուն գտել է, որ իրենք չեն կարող շարունակել աշխատանքները»:

Արսեն Բաբայանը պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է մաքրուհիների «շեֆ» համարվող Կարինե Սարգսյանը վիրավորում իր ենթականերին, որն, ի դեպ, Արա Սաղաթելյանի «մարդն» է, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշեց. «Վիրավորանքների հետ կապված բողոքներ չենք ստացել, եթե կան նման դժգոհություններ, ապա կարող են դիմել եւ մենք կստուգենք: Ինչ վերաբերվում է աշխատակազմի ղեկավարի մարդը լինելուն, ապա բոլոր աշխատակիցներն էլ աշխատակազմի ղեկավարի մարդիկ են»:

Անդրադառնալով խնդրին, որ որոշ աշխատակիցներ պնդում են, թե կառույցում թրաֆիքինգի են ենթարկվել, մասնավորապես, խոսքը ԱԺ-ի լվացքատանն աշխատելն ու չվճարվելն է, Բաբայանն ասաց. «Իրենք վարձատրվել են 8 ժամյա աշխատանքի դիմաց եւ 8 ժամ իրենք իրենց աշխատանքը պետք է կատարեին, լրացուցիչ աշխատանք որպես այդպիսին չի եղել»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Այս թեմայով
am