Իրանում առնվազն 31 զոհ կա տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ. «Իրանի Մարդու իրավունքներ» կազմակերպություն

Իրանում առնվազն 31 խաղաղ բնակիչ է սպանվել երկրի անվտանգության ուժերի կողմից՝ մի քանի օր տարբեր քաղաքներում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, որոնք բռնկվել են բարոյականության ոստիկանության կողմից 22-ամյա Մահսա Ամինիի ձերբակալությունից և դրան հաջորդած մահից հետո: Զոհերի մասին տվյալները հայտնել է Օսլոյում գործող «Իրանի Մարդու իրավունքներ» հասարակական կազմակերպությունը, գրում է english.alarabiya.net-ը:

«Իրանի ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ հասնելու իր հիմնարար իրավունքներին և մարդու արժանապատվությանը... և կառավարությունը նրանց խաղաղ բողոքին պատասխանում է փամփուշտներով», - հայտարարել է «Իրանի Մարդու իրավունքներ»-ի տնօրեն Մահմուդ Ամիրի-Մողադամը: 
 

Իրանում ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից:

Daily Mail պարբերականի պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:Բրիտանական պարբերականը գրում է, որ սրանք վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի ակցիաներն են: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա, նրանցից մեկին գետնին գցում: Մեկ այլ տեսանյութում ցուցարարները պատռում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս ղեկավարների պատկերներով պաստառները:

Հակակառավարական ցույցերը տարածվել են Թեհրան, Մաշադ, Համեդան, Թավրիզ, Արաք, Ռաշթ, Քազվին, Զանջան և Իլամ քաղաքներում:

Այս թեմայով
am