Ղազարյանի ու Սարգսյանի մտերիմները․ ովքե՞ր էին բիրտ ուժ կիրառում զոհված հերոսների ծնողների նկատմամբ

Հայաստանի իշխանությունները երեկ անցան բարոյականության բոլոր սահմանները։ Նիկոլ Փաշինյանը կառավարական կաբինետի ու ՔՊ-ական պատգամավորների հետ Եռաբլուր պիտի գնար, բայց մինչ այդ հասցրել էր հետաձգել անկախության օրվան նվիրված բոլոր միջոցառումները, բացառությամբ զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհելը։ Փաշինյանն ու իր թիմը իրավունք չունեն հարգելու Եռաբլուրում հուղարկավորված զինվորների հիշատակը, այս պահանջով դեռ սեպտեմբերի լույս 21-ի գիշերը հավաքվեցին զոհված զինծառայողների ծնողները։ Լուսադեմին տարածքում արդեն մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացան։ Կարմիր ու սև բերետավորներ, ՊՊԾ աշխատակիցներ, Փաշինյանի զինված անվտանգության աշխատակիցները։ Նրանք զենքով էին եկել Եռաբլուր, որ Փաշինյանին ու իր թիմին պաշտպանեն անպաշտպան ծնողներից։ Ու հենց հայրենիքի համար կյանքը տված այս տղաների շիրիմների առջև ոստիկանները բռնություն գործադրեցին հերոս ծնած մայրերի նկատմամբ։ Անկախության գաղափարը մեկ րոպեյում վերածվեց ամոթի զգացողության։ Նիկոլ Փաշինյանի համադասարանցի Վահե Ղազարյանը գրեթե բոլոր ոստիկաններին ուղարկել էր Եռաբլուր։ Շարքայինից, մինչև փոխոստիկանապետ։ Նրանց մի մասը առանձակի հպարտությամբ էր հետևում զարհուրհելի տեսարանին, մյուսները ակտիվ մասնակցում բռնության գործընթացին։ Ծնողների խոսքերն անգամ սթափեցնող չեղան։ Հրաման կար մաքրելու Եռաբլուրը, որ Փաշինյանը, Մեծ Բրիտանիայի թագուհու դագաղի կողքին սելֆի անող Վահագն Խաչատուրյանն ու մյուսները «դուխով» մուտք գործեն պանթեոն։ Ոստիկաններին էլ էր «դուխով» հրաման իջեցվել։ Օրինակ կադրում անհանգիստ շարժում իրականացնող և զոհված զինվորների ծնողների մեքենաները տարածքից հեռացնելու գործընթացը համակարգող սույն սպան Արթուր Ումրշատյանն է՝ պարեկների ղեկավարը։ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո է Ումրշատյանը կարերիայում աճ ունեցել, մինչ այդ էլ դուխով գլխարկ է կրել, ու ՔՊ-ականներին սատարող գրառումներ արել։ Ըստ մամուլի հրապարակումների Ումրշատյանը ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի մտերիմներից է։ Օրվա իշխանությանը մատուցած ծառայությունը գնահատվել է, հիմա էլ ինքն է լուռ ծառայություն մատուցում։

Սև ու կարմիր բերետավորների գործողությունները համակարգողն էլ այս ոստիկանն է։ Դավիթաշենի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Հովհաննես  Զաքարյանն  առաջին անգամ չէ, որ զոհված զինվորների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու հրաման է իջեցնում իր ենթականերին, վստահաբար այն իրագործելու հրաման էլ իրեն են տվել։ Մասնավորապես հունիսի 6-ին կառավարական ամառանոցի դիմաց սև բերետավորները բերման ենթարկելիս ծեծի են ենթարկում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի հորը՝Զավեն Մկրտչյանին։ Ըստ yerkir.am-ի հերոսի հոր ծեծին ներկա է  նույն Զաքարյանը, ով շրջանառվող տեղեկությունների համաձայն ոստիկանապետ Վահե Ղազարյանի կնոջ ազգականներից է։ Ու հենց այս հանգամանքով էլ պայմանավորված դարձել է գնդի հրամանատար։

Ոստիկանների բռնի ու խուլիգանական գործողություններն արժանացան հասարակական պարսավանքի։ Հանրային ու քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ դատապարտեցին կատարվածը։ Լուռ է միայն իշխանությունը։ Ու մինչ բոլորը սպասում էին, որ գոնե Մարդու իրավունքների պաշտպանը խիստ գնահատական կհնչեցնի, Քրիստինե Գրիգորյանը հասցրել էր իշխանական վերնախավի հետ այցելել Եռաբլուր ու կանգնել Փաշինյանենց թիկունքում։ Տիկին Գրիգորյանն էլ իր պաշտոն ստանալու գինն է վճարում լռությամբ։ Նրան ՄԻՊ պաշտոնում ընտրել են բացառպես ՔՊ-ականները։ Իհարկե կարճ հաղորդագրություն ՄԻՊ գրասենյակը տարածել էր, բայց ուշադրությունը հրավիրել էր ոչ թե կոնկրետ բիրտ ուժի ու բռնության վրա, այլ այն, որ զոհվածների ծնողներին վարչական ձերբակալման որոշում է կայացվել։ Ըստ Գրիգորյանի ոստիկանության ծառայողները պետք է գործեն համաչափ։ Ու վերջ, բայց տիկին ՄԻՊ ոստիկանները ոչ միայն համարժեք չեն գործել, այլ անցել են բարոյականության բոլոր սահմանները։ Սա պետք է լիներ ձեր հաղորդագրության հիմքում, մնացածը ածանցյալներ են։ Ենթադրաբար տեսանյութերը լավ չեք դիտել։

Ու մինչ Քրիստինե Գրիգորյանը ոստիկանությունից ինչ-որ պարզաբանման է սպասում, մի շարք ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։ 35 hասարակական կազակերպություններ հայտարարել են, որ անընդունելի է Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինի ուժային գործողություն կատարելու հրամանների արձակումը և կատարումը: Իսկ պետության պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու հրամանների արձակումը նաև հատում է բարոյականության բոլոր շեմերը, հետևաբար Վահե Ղազարյանը պիտի հրաժարական ներկայացնի։ Ղազարյանը դեռ հրաժարական չի տվել, բայց ըստ ոստիկանության հաղորդագրության նրա հրամանով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում:

Վահե Ղազարյանը հրաժարական տալուց առաջ, Նիկոլ Փաշինյանի հետ միասին պարտավոր է ներողություն խնդրել զոհված զինծառայողների ծնողներից, ասում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նրա խոսքով՝ դեռ երեկ է անդրադարձել կատարվածին, տվել գնահատական, բայց կրկնում է անգամ եթե հրաժարական լինի դրան պիտի հաջորդի իրավական գործընթաց, պարզելու համար ովքեր են հրաման տվողները։

Օրվա իշխանությունը երկրորդ անգամ է անարգում զոհվածների հիշատակը շարունակում է Թովմասյանը, հիշեցնելով, որ դեռ ամիսներ առաջ էլ նրանք պոլիէթիլենային տոպրակներով նկուղում պահում հերոսների մարմինները։

Իշխանությունը Եռաբլուրը վերածել է «կորսված» բարձրունքի, ու ամեն անգամ այն «հերոսաբար» բարձրանում է, այդ ճանապարհին անարգելով սուրբ արժեքներ։ Իշխանականները լուսանկարվեցին, այս լուսանկարներում էլ զոհվածների հարազատներն են, իսկ Եռաբլուրը գիշերն անհանգսիտ էր, ուժեղ քամին ու ծածանվող եռագույնը մաքրեցին կեղտոտ ոտնահետքերը։

Այս թեմայով
am