Ինչո՞ւ էր շեղվել Նենսի Փելոսին. հայկական կողմը զենք է խնդրել ԱՄՆ-ից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի երևանյան այցը բավական ուշագրավ շերտեր ունի իր մեջ։

ԱՄՆ երրորդ պաշտոնյան շեղվել էր իր պաշտոնական հանդիպումների ժամանակացույցից, կեսգիշերային այց կատարել ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ հանդիպելու Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, մինչ այդ տեղի ունեցած պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներում Ներկայացուցիչների պալատի նախագահի «զահլան» տարել են զենքի անհրաժեշտության մասին խոսակցություններով, որ նա և պատվիրակության անդամները, ինչպես նաև կոնգրեսականներին ուղեկցող փորձագետներն ուղիղ հարցրել են, թե ինչի կարիք ունի Հայաստանը։

Ի վերջո, Նենսի Փելոսիին ուղղորդել են ՊՆ՝ ասելով, թե Պապիկյանն ավելի լավ գիտի մեր կարիքների մասին։ Պատվիրակության կազմում եղել են անձինք, որոնք առավել լավ են պատկերացնում նման խնդիրների լուծման ուղիները, քան 80-ն անց տարեց կինը, որի միակ գերխնդիրն այս պահին վերընտրվելն է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։

Հատկապես հայազգի կոնգրեսականները հեռանկարում ավելի լուրջ խնդիրներ կարող են լուծել Հայաստանի համար, և պատվիրակությունը հանպատրաստից այց է կատարել ՊՆ։ Նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է Հայաստանի կարիքները, խոսել են ոչ միայն համապատասխան զենքեր տրամադրելու, այլև օրենսդրական և փորձագիտական բազան կարգավորելու, համապատասխան հրահանգիչներ Հայաստան ուղարկելու, հայկական բանակը ռուսական մոդելից ՆԱՏՕ-ական մոդելի տեղափոխելու մասին։

Փելոսիի այցից առաջ ԱՄՆ այցելած Պապիկյանը ՀՀ կարիքների մասին ասել էր նաև Պենտագոնի ներկայացուցիչներին, և, թերևս, փոխըմբռնում կա գրեթե բոլոր հարցերում։ ԱՄՆ միակ և աներկբա պահանջը ՀԱՊԿ-ն լքելն է, որից հետո խոստացել են օգնել։

Կարեն Մակարյան

Այս թեմայով
am