Եռաբլուրում կատարվածը ցնցել է հանրությանը․ սրանք դեռ «ծաղիկներն» են

Հայ հանրությունը ցնցված է։ Եռաբլուր զինվորական պանթեոնում կարմիր բերետավորներն ու ոստիկանության մյուս աշխատակիցները դաժանաբար հաշվեհարդար են տեսել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, որոնք մի ամբողջ գիշեր էին անցկացրել այդ տարածքում, որպեսզի վաղ առավոտյան թույլ չտան Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանական վարչախմբի մյուս ներկայացուցիչներին մուտք գործել պանթեոնի տարածք և ծաղկեպսակ դնել։

37 անձանց բերման են ենթարկել ոստիկանության տարբեր բաժիններ, ժամեր անց բաց թողել՝ մինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ծաղկեպսակ էին զետեղում հուշարձանի մոտ, ապա և «վինետկայի» նկար նկարում եռաբլուրի տարածքում։

Փաշինյանի հեռանալուց հետո ծնողները վերադարձել են և մի կողմ են նետել ծաղկեպսակները։ Թերևս առաջին անգամ է, որ ոստիկանությունը նման բռնություն է գործադրում ծնողների հանդեպ հենց նրանց որդիների գերեզմանների մոտ։

Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ իրավապահները բռնություններ են գործադրել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, ինչպես 2015 թվականին Բաղրամյան պողոտայում, երբ մի քանի ցուցարար ծնողների մի մայթից մյուսն էին քարշ տալիս։

Ըստ էության, նախկինում կատարված ապօրինությունների և հանցագործությունների հանդուրժումը, բավարար չափով չդատապարտումը այսօր պատճառ են դարձել, որ հանրությունը հերթական անգամ ապշահար լինի, ցնցվի տեսածից։ Խնդիրը ոչ միայն կարմիր բերետավորներն են, խնդիրը մեր հանրության իմունիտետի բացակայությունն է և սեփական իրավունքների համար չպայքարելու տրամադրվածությունը։

Ոչ մի իշխանություն, լինի դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կամ ցանկացած այլ մեկը, չի կարող նման անբարոյականություն իրեն թույլ տալ, եթե հանրությունը միահամուռ ոտքի կանգներ և ժամանակին դատապարտեր այսպիսի հանցագործությունները։

Ըստ էության, ինչպես արձանագրել էր գործող իշխանություններին լոյալ փորձագետներից մեկը, ոստիկանական համակարգի բարեփոխումները պարզապես տապալվել են։ Տապալվել են ոչ այնքան ոստիկանության, այլ գործող իշխանությունների պատճառով։ Փաշինյանական վարչախմբին, իհարկե, ձեռք է տալիս ունենալ սեփական զորք, միայն իրենց պաշտպանելու, ընդդիմախոսներին քարկոծելու և դաժանաբար ծեծելու համար։

Այս առումով տարօրինակը միջազգային կառույցների լռությունն է։ Նրանք, որ միլիոնավոր գումարներ են տվել Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար և ժամանակին առիթը բաց չէին թողնում քննադատել իշխանություններին ոստիկանական այս կամ այն մանր բռնությունների դեպքում, Եռաբլուրում կատարվածին որևէ կերպ չեն արձագանքել, միայն հատուկենտ տեղական իրավապաշտպաններ են արձանագրել փաշինյանական մահակ ոստիկանության բռի և կոպիտ վարքը։

Վաչե Սարգսյան

Այս թեմայով
am