Պատերազմի «տնտեսական դասերը»

Պատերազմից դասեր են քաղում՝ հավանական պատերազմից խուսափելու եւ հնարավոր պատերազմին պատրաստ լինելու համար։ Առավելապես մեր պայմաններում՝ հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակը, մեր աշխարհագրական դիրքը։

Առավելապես մեր պայմաններում, երբ թշնամին մեր հայրենիքի տարածքների վրա է իր պետությունները կերտել։ Առավելապես մե՛ր պայմաններում, երբ թշնամին մշտական է։ Այդ դասերը լեզվական, կրթական, մշակութային, տնտեսական, ռազմական ու քաղաքական տիրույթներում են։ 44-օրյայից հետո դասեր քաղեցի՞նք։ Պատասխանելու փոխարեն փաստենք՝ իրականությունը պետք է ճիշտ բնութագրել՝ հասկանալով, որ հակառակորդն այլ բան է, թշնամին՝ բոլորովին այլ, սադրանքն այլ բան է, լայնածավալ հարձակումը՝ բոլորովին այլ, վերջապես՝ միջադեպն այլ բան է, պատերազմը՝ բոլորովին այլ։

44-օրյայից հետո դասեր քաղեցի՞նք։ Պատասխանելու փոխարեն փաստենք՝ թշնամին կրկին հարձակվել է եւ այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության վրա։ Ի պատիվ տնտեսագիտական համայնքի, պետք է նշել, որ նրանք այս երկու տարվա ընթացքում մշտապես ոչ միայն գնահատական են տվել միջազգային, տարածաշրջանային ու մեր երկրի տնտեսաքաղաքական գործընթացներին, այլեւ այդ գործընթացներից հնարավորինս քիչ ազդվելու, օգուտներ քաղելու եւ մեր տնտեսությունը հզորացնելու առաջարկներ են ներկայացրել։ Շեշտվել է «մոբիլիզացիոն տիպի էկոնոմիկա» ունենալու անհրաժեշտությունը, ընդ որում՝ երկարաժամկետ հատվածով։ Ամբողջը պետք է սրան ծառայի, եւ, այո, հենց սա է, որ երկրում շատ բարձր մակարդակի բարեկեցություն կապահովի։ Մասնագետներից շատերն են Իսրայելի օրինակը նշում, որ հավիտենական թշնամանքի ու շրջափակման մեջ բարձր տեխնոլոգիական ու մրցունակ համակարգ է ստեղծել։ Որովհետեւ, ինչպես առիթով մեզ հետ զրույցում նկատեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, հենասյուները եղել են մոբիլիզացիոն ռեսուրսային բազայի հիման վրա: Ստեղծել են գերարդիական զենքեր ոչ միայն իրենց պաշտպանելու համար, այլեւ վաճառում են ամբողջ աշխարհում: Հայաստանը ոչնչով հետ չի եղել ու չի տարբերվում այդ կարգի երկրներից: Մեր ներուժն ակնհայտ է՝ հզոր է, բայց պետք է մոբիլիզացվի:

Մենք ռազմական ինովացիան ու ռազմական բարձրակարգ տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու միտքն ունենք, ներուժն ունենք (մասնագետների գնահատականն է), մնում է պետությունը կառավարումն ու քաղաքականությունը հստակ տանի՝ համապատասխան պայմաններ ապահովելով: Սա օրակարգային հարց էր երեկ, այսօր՝ նույնպես, եւ վաղը եւս կլինի։ Ամենատարբեր տնտեսագետների հաճախ եմ հարցրել՝ արդյոք մոբիլիզացիոն տնտեսությունը տնտեսական մի համակա՞րգ է լինելու, որ աշխատելու է պետական հրահանգով։ Պատասխանը միանշանակ ոչ է եղել։ Մոբիլիզացիոն տնտեսությունը ենթադրում է, որ պետությունն անվտանգության ու պաշտպանական խնդիրներ ունի, հետեւաբար՝ պետք է ունենա անվտանգության ռազմավարական ծրագիր եւ համակարգերը կարգավորի դրա ներքո։ Մոբիլիզացիոն տնտեսությունը նշանակում է, որ ոլորտային քաղաքականությունները պաշտպանական նշանակության են լինում եւ  արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու հնարավորություն են ունենում։ Տնտեսական այս կարեւորագույն դասը քաղեցի՞նք 44-օրյայից հետո։ Հասկանալի է, որ ոչ, որովհետեւ այս պահին տնտեսական մեր համակարգը մոբիլիզացիոն չէ։ Առաջարկ է եղել նաեւ ստեղծելու «Ռազմատնտեսական կոմիտե»։

44-օրյայից հետո մեզ հետ զրույցում այս կոմիտեի անհրաժեշտության մասին խոսել է տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ նշելով, թե կոմիտեն իր խնդիրներն իրականացնելիս պետք է անկախ լինի Հայաստանի պետական մարմիններից, պետք է ստեղծի բացառիկ պայմաններ եւ ապահովի անհրաժեշտ ֆինանսավորում ռազմարդյունաբերության ոլորտի արագ ու դինամիկ զարգացման համար, պետք է ապահովի նախադրյալներ՝ դեպի գիտատար եւ տեխնոլոգիական առաջընթաց ապահովող ոլորտներ խոշոր ներդրումներ ներգրավելու համար, եւ որ կոմիտեի օրենսդրական նախաձեռնությունները պետք է քննարկվեն եւ ընդունվեն շտապ ռեժիմով։ Տնտեսագետի առաջարկն այսօր էլ նույնն է՝ արագ ձեւավորել «ռազմատնտեսական կոմիտե»՝ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ, համախմբող մարմին` լայն լիազորություններով։

Դասերը պետք է քաղել՝ սպասվող պատերազմներից հնարավորինս քիչ կորուստներով եւ հաղթող դուրս գալու, անընդհատ զարգանալու, հայ զինական ուժի համար մշտապես ամուր թիկունք լինելու եւ հզորագույն երկիր կառուցելու համար։ Կկառուցե՞նք, մեզնից է կախված։

Արմենուհի Մելքոնյան 

Այս թեմայով
am