Մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա. Եթե մեր տնտեսությունն արմատապես չվերակառուցվի ու չզարգանա

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի, Վարդենիսի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի, Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին նաեւ ԱԹՍ-ներ է կիրառել։ Ասել, որ այս հարձակումներն անսպասելի էին, ճիշտ չի լինի։ Ադրբեջանը պետական մակարդակով հայատյացության քաղաքականությունը երբեք չի դադարեցրել, եւ հարձակումներն այդ քաղաքականության «օրինաչափ» դրսեւորումներն են։ Թշնամին հարձակումների համար այլ պարարտ հող էլ ուներ` 44-օրյայից հետո ադրբեջանական տեղակայումները Հայաստանի գյուղերի, ճանապարհների անմիջական հարեւանությամբ։

44-օրյայից հետո երկու տարի մենք անընդհատ գրում ենք, որ անհրաժեշտ է բոլոր ոլորտներում հստակ համակարգում, տնտեսության մոբիլիզացում եւ ռազմականացում, որովհետեւ մարտահրավերներին համահունչ բանակ, անվտանգություն, պաշտպանական համակարգեր, զարգացած ենթակառուցվածքներ ունենալու համար պետք է ունենանք իրական տնտեսություն։ Որովհետեւ առանց զարգացած տնտեսության, մենք չենք ունենա կայուն պետություն։ Իսկ սա ենթադրում է, որ թույլ լինելով՝ միջազգային հարթակներում, որպես պետություն, հարգանք վայելել չենք կարող։ Ի վերջո, մենք թմրելու իրավունք չունենք։ Պատերազմի մտքերը վանելով` հնարավոր սպասվելիք պատերազմը չեն կանգնեցնում։ Պատերազմը կանգնեցնում են դրան պատրաստ լինելով։ Իսկ պատրաստ լինելու համար պետք է ունենալ տնտեսություն։ Որովհետեւ երբ տնտեսապես թույլ ես լինում, «համագործակցություն» որակվող շատ ուղղություններ սպառնում են պարանոցիդ շուրջ սեղմօղակով։ Որովհետեւ երբ տարեկան շուրջ 3 մլրդ դոլարի եկամուտ ես ունենում եւ պետական պարտքդ եռապատիկ գերազանցում է եկամուտդ, արտաքին պարտք ներգրավելով ու ընթացիկ խնդիրներ լուծելով՝ տնտեսություն չես զարգացնում։ Մինչդեռ այդ պարտքերի վերադարձը պետք է ապահովվի հենց տնտեսության գեներացրած ավելացված արժեքի հաշվին, իսկ եթե դա առկա չէ, ստիպված նոր պարտքերի ներգրավման ճանապարհով, ինչը ավելի է թուլացնելու մեր տնտեսության եւ, ըստ այդմ, մեր երկրի դիրքերը։ Կրկնում ենք՝ եթե մեր երկրի տնտեսությունն արմատապես չվերակառուցվի ու չզարգանա, մեր հանդեպ թշնամու ագրեսիվ հավակնություններն ավարտ չեն ունենա։

Ի վերջո, աշխարհաքաղաքական իրավիճակի թելադրանքն է, եւ տնտեսագետները մեկ անգամ չէ, որ խորհուրդ են տվել, որ ճիշտ կլինի, որ ամբողջ տնտեսությունը ծառայեցվի ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացմանը, եւ անցում կատարվի պլանային կառավարման։ Մենք այնպիսի բարդ իրավիճակում ենք, որ եթե չապահովենք Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, ապա որեւէ արտաքին ուժ դա չի ստանձնի մեր փոխարեն։ Եթե ուզում ենք ոտքի կանգնել, ապա կկանգնենք։ Եվ դրա համար ընդամենը մեկ պայման բավարար է՝ մեկ գաղափարի շուրջ համախմբվելը։ Ու այդ գաղափարը մեր հայրենիքի հզորացումն է։ Եթե այս մեխը դնենք բոլոր ոլորտներում, գալիք հաղթանակները բնական իրողություններ կդառնան։ Ի վերջո, երբ թշնամին անընդհատ «ադրբեջանական պատմական հողեր» է համարում Սյունիքը, Սեւանն ու Երեւանը, խոստանում է «հետ բերել» եւ վստահ է, որ կարող է, որովհետեւ «արդեն հաղթել է հայկական ֆաշիզմին», պետք է հասկանանք, որ տնտեսության որակական ու արագ զարգացումը րոպե առաջ կենսական անհրաժեշտություն ու հրամայական է։ Պետք է հասկանանք, որ մեզ տնտեսական իրապես բարեփոխման խորքային ռազմավարություն է պետք՝ հստակ հաշվարկներով եւ ուղղություններով։

Պետք է հասկանայինք, որ երբ միջազգային մեսիջներ են հղվում, որոնք մեզ կարող են օգնել աշխարհաքաղաքական թատերաբեմում սրա-նրա շահին ծառայող գործիք չդառնալու (ժամանակին անդրադարձել ենք Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սեւ ծով լոգիստիկային եւ Հայաստանի դերակատարությանը), պետք է աշխատենք բոլոր խողովակներով՝ բիզնեսի, դիվանագիտական եւն։ Տնտեսության զարգացման համար բոլոր շղթաները պետք է գործի դնենք։ Եվ, ի վերջո, տնտեսությունն ինքնին առանձին չի զարգանում։ Տեխնոլոգիական բարեփոխումների հիմամբ տնտեսական քաղաքականության բարելավման եւ ռեսուրսների լավագույնս օգտագործման կարիք կա։

Մասնագետներն ասում են, որ ՏՏ ոլորտի խթանումը կարող է ապահովել թռիչքաձեւ աճ՝ միաժամանակ խթանելով ռազմարդյունաբերական համալիրի վերազինումն ու արդիականացումը։ Եվ որ նոր սերնդի ԱԹՍ-ների, հետախուզական տարբեր միջոցների արտադրությունը մեր երկրում կարող է ունենալ լուրջ հաջողություններ, եթե պետությունը, իհարկե, համապատասխան պայմաններ ապահովի։ Եվ որ սա էլ ինքնաբերաբար կնպաստի նաեւ մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Եվ վերջում՝ եթե թշնամու հարեւանությամբ ես ապրում, մարտահրավերներն ամենօրյա են, ուստի բաց աչքերով քնելը պարտադիր պայման է։ Իսկ զարգացած տնտեսություն ունենալը մեր «բաց աչքն» է՝ մեր զգոնությունը։ Չունեցա՞նք, փաստելու ենք իրականությունը։ Այլընտրանք չունենք՝ պարտավո՛ր ենք ուժերի ամբողջ լարումով փոխել իրավիճակը։

Արմենուհի Մելքոնյան 

Այս թեմայով
am