Տավուշի բնակիչը խոստովանել է, որ պատահաբար է կրակել 61-ամյա տղամարդուն, այնուհետև դին նետել է լիճը

Ոստիկանությունը բացահայտել է  սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզում կատարված սպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճի մեջ հայտնաբերվել էր ինքնությունը չպարզված, մարմնական վնասվածքներով տղամարդու դիակ:

Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ սեպտեմբերի 3-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա Վրեժ Պ.-ի դիակն է:

ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի և Տավուշի մարզային վարչության քննչական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 8-ին ձերբակալել և ոստիկանության Իջևանի բաժին են տեղափոխել Այգեհովիտ բնակավայրի 57-ամյա բնակչի:

Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Այգեհովիտ բնակավայրի այգիներից մեկում որսորդական հրացանով պատահաբար կրակել է Վրեժ Պ.-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա մահացել է:

Այնուհետև թաքցնելու նպատակով դիակը իր «ԳԱԶ-24» մեքենայով տեղափոխել էր Բերքաբեր բնակավայր և ոտքերից կապելով բետոնե սյուներ՝ գցել էր լիճը:

57-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:

Այս թեմայով
am