ՀՀԿ-ն կշարունակի՞ պայքարը «Դիմադրություն» շարժման հետ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: 

«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Ըստ էության, դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների կազմավորած «Պատիվ ունեմ» դաշինքը: Երեկ Առաջին ալիքի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում էլ Վանեցյանը հայտարարեց, որ իրենց և «Դիմադրություն» շարժման նպատակները համընկնում են, սակայն այս փուլում այդ նպատակին հասնելու ուղիների հարցում որոշակի տարբերություններ կան։

Meganews.ը փորձեց տարբեր ՀՀԿ-ականներից ճշտել, թե արդյոք իրենք շարունակելու են ճանապարհը «Դիմադրություն» շարժման հետ՝ իրենց նպատակներին հասնելու համար: Մեր հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն ասաց, որ այդ հարցի շուրջ դեռ քննարկում չեն ունեցել, որ կարող ենք պատասխանները փնտրել Արմեն Աշոտյանի երեկվա գրառման մեջ: Իր հերթին Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ ֆեյսբուքյան իր էջում արած գրառմանն ավելացնելու ոչինչ չունի:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև.

«Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի եւ «Հայրենիք» կուսակցության որոշմանը։

Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։

Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել եւ ինքնանպատակ չեն։ Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միեւնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։ Հայաստան՝ առանց Նիկոլ։ Հայաստան՝ Նիկոլից հետո»։

Այս թեմայով
am