Հերթական հանդիպումը՝ հանրության թիկունքում

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի հերթական հանդիպումը։ Աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։ Հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում, միայն Մհեր Գրիգորյանի գրասենյակն է տեղեկություն տարածել հանդիպման փաստի վերաբերյալ, ընդ որում ուշագրավ է, որ այս հանդիպման մասին հայտնի էր դարձել միայն երեկ երեկոյան, մինչդեռ հանդիպումը տեղի էր ունեցել երկու օր առաջ։

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են նախկինում ձևավորած արատավոր ավանդույթը, երբ տարօրինակ կերպով որևէ կերպ տեղեկություններ չէին հաղորդում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են թաքցնել հանրությունից առանցքային և կարևոր նշանակության դեպքերի մասին։

Սա առաջին դեպքը չէ, երբ իրականությունը իմացվում է կա՛մ ադրբեջանական, կա՛մ այլ աղբյուրներից, իսկ թափանցիկության և բաց աշխատանքի մասին տարփողող իշխանությունը ամեն հնարավոր միջոց ձեռնարկում է առանցքային տեղեկությունները հանրությունից թաքցնելու համար։ Ինչևէ զարմանալ որևէ բանի վրա այլևս պետք չէ, այս իշխանությունները Հայաստանի ժողովրդի հետ հարաբերվում են միայն դավադրությունների մակարդակով։

Գոռ Գաբրիելյան

Այս թեմայով
am