Ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետաքրքրությունը Սյունիքի հանդեպ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որի հետ քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությանը, արցախյան խնդրի կարգավորմանը և ռեգիոնալ իրադրությանը վերաբերող հարցեր:

Նախօրեին վարչապետ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որի հետ քննարկվել էր հայ-ամերիկյան հարաբերության օրակարգը, Հայաստանում ժողովրդավարացման ռեֆորմացիայի հեռանկարը, արցախյան հակամարտության կարգավորման իրավիճակը և ԱՄՆ աջակցությունը այդ գործընթացին:

Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ԱՄն և ՌԴ դեսպանները գործնականում նույն հաջորդականությամբ օրերս այցելել էին նաև Սյունիք: 

Ինչո՞վ է պայմանավորված Մոսկվայի և Վաշինգտոնի աշխատանքային հետաքրքրությունը Սյունիքի հանդեպ, որի առարկայականության մասին է խոսում այն, որ մարզ այցելությունից հետո նրանք քննարկում են ունենում նաև Հայաստանի կառավարության ղեկավարի հետ, meganews-ը փորձել է պարզել քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ զրույցում.

«Փետրվարի 24-ից հետո Արևմուտքը բավականին ուժեղացրել է իր գործողությունները Հարավային Կովկասում և առաջին հերթին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով: Դա ակնհայտ փաստ է: Երկրոդ ակնհայտ փաստն այն է, որ Ռուսաստանը չի պատրաստվում զիջել իր դիրքերը Արևմուտքին և հեռանալ այստեղից կամ բաց թողնել կարգավորման մոդերացիան: Այսինքն՝ աշխարհաքաղաքական այն առճակատումը, որը կա Ուկրաինայում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, տեղափոխվել է նաև Հարավային Կովկասում: Եվ մենք պետք է ուրախ լինենք, որ այդ առճակատումը չստանա պատերազմի ձև: 

Երեք բրյուսելների և մասնավորապես երրորդի արդյունքում մենք տեսանք, որ Շառլ Միշելը իր վերջնական հայտարարության մեջ որևէ կերպ չի հիշատակում Ռուսաստանը: Կարելի է ասել, որ Եվրոպան և ԱՄՆ-ն, իսկ ԱՄՆ-ն այս պրոցեսներում միանշանակ կանգնած է Եվրոպայի մեջքի ետևում, Ռուսաստանի շահերը ոչ մի կերպ չեն ցանկանում պաշտպանել կամ հաշվի առնել: 

Բայց դա չի նշանակում, որ նրանք ստիպված չեն Ռուսաստանի հետ հաշվի նստել այս տարածաշրջանում՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն Արցախում ունի ռազմական ներկայություն և դրանով նաև ճնշման լծակներ՝ թե՛ Բաքվի, թե՛ Երևանի վրա։ Կարծում եմ՝ Ռուսաստանին խաղից դուրս համարելը դեռ վաղ է։ Եվ ինչ-որ խողովակներով, այդ թվում՝ Հայաստանի և չի բացառվում նաև Ադրբեջանի միջնորդությամբ, շփումը Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվում է»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

Քաղաքագետ խոսքով՝ Փաշինյանի հանդիպումները դեսպանների հետ ամբողջովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ.

«Հայաստանն այն վիճակում չէ, որ այս առճակատման մեջ ընդունի կողմերից մեկին և դա շատ լավ հասկանում են և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է Սյունիք այցերին, ապա այստեղ այլ տրամաբանություն է. դա առճակատման մի մաս է, և կարևոր չէ՝ ով է առաջինն այցելել։

Սա խոսում է այն մասին, որ Սյունիքը շատ կարևոր հանգույց է այսօրվա աշխարհաքաղաքականության մեջ, և թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպան պատրաստ չեն Սյունիքը զիջելու Ադրբեջանին կամ Թուրքիային։ Սյունիքը Հայաստանի Հանրապետության մի մասն է և որևէ հիմք պնդելու, որ այդ մասը կարող է հայտնվել այլ պետության տիրապետության տակ, ես չեմ տեսնում։ Մինչև հիմա և օրերս կայացած այցերը դրա վառ ապացույցն են»։

 

Այս թեմայով
am