«Քաղաքական գնահատական էր». Ղազինյանը՝ հիմնադրամից թալանի վերաբերյալ իր հայտարարության մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մայիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ պնդելով , թե Հայաստանում ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 

«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր, Հայաստան համահայկական հիմնադրամից նիկոլները թալանեցին 100 միլիոն դոլար»,- գրել էր Ղազինյանը՝ հավելելով, որ թալանը ապացուցված է։ 

Ղազինյանի գրառումը տարածել էին՝ panorama.amkentron.ampresstime.ammamul.amazg.amhraparak.am և այլ լրատվականներ։ 

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո տարատեսակ խոսակցություններ և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված միջոցների և դրանց ծախսի վերաբերյալ։

2021-ի հոկտեմբերին Ազգային ժողովում ստեղծվել էր  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Հանձնաժողովի կազմում Արթուր Ղազինյանը ընդգրկված չէ, սակայն այնտեղ են «Հայաստան» խմբակցության երեք այլ պատգամավորներ՝ Թադևոս Ավետիսյանը, Էլինար Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը։ Վերջինս հանձնաժողովի նախագահն է։

#CivilNetCheck-ը փորձեց կապ հաստատել պատգամավորների հետ և հասկանալ, թե ինչ փուլում է Հայաստան համահայկական հիմնադրամի ծախսերի ուսումնասիրությունը և ինչպես է հիմնավորում Ղազինյանը իր պնդումները։

Ղազինյանը պարզաբանում է՝ «գնահատականը քաղաքական էր»

CivilNetCheck-ի հետ զրույցում Արթուր Ղազինյանը հայտնեց, որ «ամենամեծ ու ապացուցված թալանի» մասին պնդումը «քաղաքական գնահատական է եղել և անցկացված աուդիտով չի հաստատվել»։ 

«Դա քաղաքական, ոչ թե իրավական գնահատական է։ Ես գիտեմ՝ իրավական գնահատականը կապացուցի։ Աուդիտը անցել է, աուդիտով չի հաստատվել։ […] Որևե ձև չի հասկացվել, թե ինչի վրա է ծախսվել, որի իրավունքը նախ չունեին փոխանցելու։ Հիմնադրամից գումար են տարել»,- հայտնեց պատգամավորը՝ հավելելով, որ գումարների ծախսման ուղղությունները և նպատակները դեռ պետք է ապացուցվեն։ 

Լուսանկարը` parliament.am-ի

Ըստ Ղազինյանի՝ հիմնադրամի գործունեությունը մշտապես աուդիտի է ենթարկվում, սակայն հիմնադրամից գումարների՝ պետբյուջե փոխանցվելու դեպքում միջոցները անվերահսկելի են դառնում՝ խառնվելով ընդհանուր ծախսերի մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նույն օրը՝ մայիսի 15-ին, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Ղազինյանի հայտարարությանը՝ հիշեցնելով, որ խորհրդարանում ստեղծվել է այդ հարցով քննիչ հանձնաժողով, նախագահը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։

«Սակայն հանձնաժողովը 6 ամիս աշխատելուց հետո ոչ մի «թալանի» փաստ չի արձանագրել, իսկ ժամկետը երկարացնելու համար արդեն ավելի քան մեկ ամիս է՝ սպասում ենք հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին ու անդամ Հայկ Մամիջանյանին, որպեսզի վերջիններս լիագումար նիստում առաջարկեն ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը, որին մենք համաձայն ենք»,- գրել էր Պապոյանը։

 

Այս թեմայով
am