«Երբեք ու երբեք գերի չդառնաք ձեր կարողությունները կասկածի տակ դնող հանրային կարծրատիպերին»․ Արցախի ՄԻՊ-ը՝ շրջանավարտներին

Արցախցի շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը։

«Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը և ոտք դնում փորձություններով, վերելքներով և վայրէջքներով լի մեծ կյանք։

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ և մաղթում հետագա հաջողություններ։ Երբեք ու երբեք գերի չդառնաք ձեր կարողությունները կասկածի տակ դնող հանրային կարծրատիպերին, հետայսու ամեն օր բացահայտեք ձեր մարդկային պոտենցիալը և շարժվեք այն կատարելագործելու ճանապարհով։ Այն, որ այդ պոտենցիալը շատ մեծ է ու կարող, կասկած չունեմ։

Ձեր ապագայի համար առաջին հերթին պատասխանատու եք ինքներդ՝ պրպտող մտքով, ներդրված ջանքերով, նախաձեռնողականությամբ, համառությամբ, նպատակներն իրագործելու համարձակությամբ և հանձնառությամբ։ 

Գնացե՛ք ձեր իղձերի հետևից, դրանք անպայման իրականանալու են»,-ասված է Գեղամ Ստեփանյանի ուղերձում։

Այս թեմայով
am