Կառավարությունը քաղաքացիներին առաջարկում է «սուբսիդավորվող վարկեր՝ բնակարանների նորացման համար»

Կառավարությունըբնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի․ նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Նրա խոսքով՝ վարկառուն վարկ ստանալու նպատակով պետք է դիմի ֆինանսական կառույց՝ներկայացնելով վերանորոգվող բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի գրանցման վկայականը, ապա կստուգվիվարկառուի վարկավորման պայմանների համապատասխանությունը ծրագրի պայմաններին, և ապա նոր կտրամադրվի վարկը:

«Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում ապահովվում է շահառուների մասով սուբսիդավորման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կառույցի հատուկ հաշվին»,-ասել է նա:

Առաջարկվում է ծրագրի իմաստով վարկ դիտարկել ինչպես վերանորոգման վարկը, այնպես էլ ֆակտորինգը, հաշվի առնելով, որ մասնավորապես շինանյութերի, սարքավորումների, համակարգերի ձեռքբերման մասով կիրառելի է ֆակտորինգը: Առաջարկվում է ծրագրի համապատասխան ենթակետում վարկի սահմանաչափի մասով հանել 1քմ.-ի արժեքի մասով նշումը և թողնել միայն վարկի առավելագույն գումարը, հիմք ընդունելով ֆինանսական կառույցների ներկայացրած դիտարկումներն այդ դրույթի գործնական կիրառության տեսանկյան վերաբերյալ: Մասնավորապես, հսկողական մեխանիզմների, լրացուցիչ չափագրական նյութերի անհրաժեշտության տեսանկյունից: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ հնարավոր է փոքր մակերեսով բնակարանում իրականացվեն ավելի ծախսատար աշխատանքներ և հակառակը՝ մեծ մակերեսով բնակարանի դեպքում իրականացվեն ավելի փոքր ծավալի աշխատանքներ՝ ելնելով վերանորոգման կարիքներից և ֆինանսական կառույցի կողմից հաստատվող վարկի չափից: Բոլոր բանկերը ներգրավված են ծրագրում, վարկերը տրվելու են 7 տարի ժամկետով և 7 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն համապատասխան տոկոսներով սուբսիդավորելու է վարկը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն նման որոշում ընդունելիս փորձ է արվում մի քանի խումբ խնդիրներ լուծել. ցանկացած որոշում անպայման պետք է լրացուցիչ արդյունքներ էլ ունենա. 

«Այս ծրագիրն այդպիսի շատ կարևոր օրինակ է: Ուզում եմ հիշեցնել, թե սրանով ինչ նպատակադրումներ ունենք: Առաջինը՝ սրանով մենք փորձում ենք մեր քաղաքացիներին աջակցել, որպեսզի բնակարանային ֆոնդի ընթացիկ վիճակը, որակը բարձրացվի: Այսինքն՝ քաղաքացիներին առաջարկվում է սուբսիդավորվող վարկեր՝ բնակարաների նորացման, ռենովացիայի համար: Հայաստանում բնակարանային ֆոնդի մաշվածության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք և հատկապես՝ գյուղական վայրերում այդ խնդիրը չափազանց լուրջ է: Երկրորդ՝ մենք ունենք ոչ ռացիոնալ մակերեսների խնդիր: Խորհրդային միության ժամանակներում բնակարանները կառուցվել են ոչ ռացիոնալ չափերի, և մենք հիմա ուզում ենք քաջալերել և հույս ունենք, որ բանկային համակարգը մեզ կօգնի, որպեսզի առանձնատները վերակազմակերպվեն: Դա կարևոր է մանանավանդ հիմա, երբ տուրիզմի ոլորտում ծրագրեր կան, որոշակի ակտիվացում կա: Հաջորդը՝ մենք պարտադիր պայման ենք դնում, որ վարկի առնվազն 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար: Սա նույնպես չափազանց կարևոր է: Հաջորդ խնդիրը՝ մենք հույս ունենք, որ այս վարկի ծրագրի իրականացման ընթացքում մասնավոր հատվածում կստեղծվեն աշխատատեղեր»:

Վարչապետը ծրագրի կարևոր նպատակներից է համարել նաև տարածքների համաչափ զարգացմանը նպաստելը.

«Վարկերը սուբսիդավորվում են այդ տրամաբանությամբ: Այսինքն՝ բանկը վարկը կտա 14 տոկոսով առավելագույնը, իսկ կառավարությունը կսուբսիդավորի այն տրամաբանությամբ, որ սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսը կլինի 0, գյուղական համայնքներինը՝ 2 տոկոս, Երևանից դուրս քաղաքային համայնքներում կլինի 3 տոկոս, Երևանում՝ 5 տոկոս»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ծրագրով ստացած վարկային միջոցների առնվազն 70 տոկոսն անկանխիկ ծախսելու պայմանն էլ իր հերթին կնպաստի առևտրաշրջանառության մեծ ստվերի կրճատմանը:

Այս թեմայով
am