Ո՞վ է ադրբեջանցի դիվերսանտներին 2014 թվականին ուղարկել Քարվաճառ. նոր մանրամասներ Շահբազ Գուլիևից

Infoteka24.ru-ն գրում է, որ 2014 թվականին Արցախի Քարվաճառի շրջան մտած դիվերսանտներից մեկը՝ Շահբազ Գուլիևը, ադրբեջանական Xural հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հրամանով են իրենք Քարվաճառ մտել, և ՊՆ-ն տեղյակ է եղել նախապես սպասվող այդ դիվերսիայի մասին։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Քարվաճառի տարածք դիվերսանտների ներխուժման մասին։ Մի քանի օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում վերացվել է զինված դիվերսանտներից մեկը, իսկ երկուսը՝ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, գերվել և ձերբակալվել էին։ Քարվաճառում գտնվելու ժամանակ նրանք սպանել էին հայ դեռահասի։

«Ինձ զանգեցին, ասացին, որ դու երկրին պետք ես։ Փաստորեն, ուզում էին ինձ մենակ ուղարկել, բայց ես պնդեցի, որ Ասկերովն էլ գնա ինձ հետ, քանի որ նա լավ գիտեր տարածքը։ Այն ժամանակ Դիլհամին բերման էին ենթարկել և նա գտնվում էր Շամխորի ոստիկանությունում։ Նրան բանտից հանեցին ու բերեցին»,- պատմել է Գուլիևը։

Ստանալով զենք նրանք Արցախ են գնացել անմիջապես Հասանովի գրասենյակից։ Ավելին, Գուլիևն ասել է, որ ինքը բազմիցս է մասնակցել դիվերսիոն գործողությունների հայկական տարածքներում։ Այս տեղեկությունը Publika.az-ին տված հարցազրույցում հաստատել է նաև Ասկերովի որդին՝ Քուրդօղլու Ասկերովը ասելով, որ նրանք բազմիցս մտել են Արցախի տարածք 2005, 2007, 2009-10 թվականներին, տեսանյութեր են նկարել ու ուղարկել Բաքու։

Ինչպես հետո է պարզվել Բաքու վերադառնալուց հետո Ասկերովն ու Գուլիևը սկսել են միմյանց մեղադրել իրենց անհաջողության մեջ։ Նրանք երկուսն էլ դժգոհ են եղել, որ իշխանություններն իրենց ոչ մի կերպ չեն աջակցում։ Ասկերովին նույնիսկ թոշակ չեն տալիս, իսկ Գուլիևը ստանում էր 180 մանաթ թոշակ՝ մոտ 48 հազար դրամ։ Նա ժամանակին հայտարարել էր, որ ավելի շատ մանրամասներ կբացահայտի իրենց գործողություններից, բայց հետո ինքնասպան է եղել։

Հիշեցնենք, որ Արցախում Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիևը 32 տարվա ազատազրկման։ Դիվերսանտները Ադրբեջանին են հանձնվել 44-օրյա պատերազմից հետո համաձայն բոլոր գերիների փոխանակման մասին եռակողմ հայտարարության, որը Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է կատարել:

Այս թեմայով
am