Պոլիկլինիկաների վերակազմավորման հիմքում որևէ աշխատակից չի կրճատվի․ Երևանի քաղաքապետի տեղակալ

Երևանի ենթակայության «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կվերակազմակերպվի՝ միացնելով «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը,  «Սարի Թաղ» պոլիկլինիկա»-ն կմիանա «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ-ին,  «Նորագավիթ պոլիկլինիկա»-ն կմիանա «Թիվ 13 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ «Նուբարարշեն» պոլիկլինիկա»-ն  «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:  Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

Նա վստահեցրեց, որ պոլիկլինիկաների վերակազմավորման  հիմքում կադրային օպտիմալացում դրված չէ, այսինքն որևէ աշխատակից չի կրճատվի։

Գևորգ Սիմոնյանը պարզաբանեց, որ պոլիկլինիկաները չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ռեսուրսներ ազգաբնակչությանը անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական ռեսուրսներով զարգանալու համար, ուստի՝ անհրաժեշտ է վերջիններս վերակազմակերպել՝ այլ բուժհաստատության հետ միացման ճանապարհով:

«Փոքր պոլիկլինիկաները, նեղ մասնագիտական կաբինետների բժիշկների և միջին բուժանձնակազմի դրույքները և աշխատաժամանակը սահմանում են՝ ելնելով ազգաբնակչության թվաքանակից, արդյունքում՝ նեղ մասնագիտական կաբինետի բժիշկների և միջին բուժանձնակազմի դրույքները ստացվում են 0.25 դրույքից մինչև առավելագույնը 0.75 դրույք, որին համապատասխանող աշխատաժամանակի պայմաններում նեղ մասնագիտական կաբինետներում գոյանում են հերթեր, ինչն էլ առաջացնում է հիվանդների արդարացի դժգոհությունը»,-ասաց Սիմոնյանը, հավելելով, որ  որոշ դեպքերում էլ նեղ մասնագիտական կաբինետները գործում են շաբաթը 1 կամ 2 օր, կամ ընդհանրապես կաբինետները չեն գործում՝ համապատասխան մասնագետ չլինելու պատճառով, ինչը առաջնահերթ պայմանավորված է աշխատավարձի մեծությամբ:

Այս թեմայով
am