Երևանը հրապարակեց Բաքվին ներկայացրած 6 կետերը

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական էթիկան պահպանել և շարունակում է պահպանել։ Ադրբեջանը այսպես կոչված` հինգ կետերը հրապարակել էր և ՀՀ֊ն հայտարարեց,որ ի պատասխան դրա վեց կետանոց արձագանքը ներկայացրել է։

Քանի որ դա աշխատանքային փաստաթուղթ է և կոռեկտ չէ հրապարակել, հայկական կողմը դիվանագիտական էթիկան պահպանում է:

Այս մասին այսօր «Առաջին ալիք»֊ին տված հարցազրույցում ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա ասաց, որ բայց ինքը տեսնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ոչ դիվանագիտական տեքստ էր արտաբերել, թե  հայկական կողմի կետերը առաջարկ էլ չի կարելի համարել. «Ուրեմն ես ասեմ` ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն կերպ մեր պատասխանն է ուղարկվել»։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ լիազորված է հրապարակել վեց կետերը և հայտնեց. «Առաջին կետում նշված է մարտի 11֊ին  ստացվել է Ադրբեջանի առաջարկը և պատասխանում ենք.

2֊րդ կետ. ՀՀ֊ն երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի հանրապետության նկատմամբ։ Այստեղ ասվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և  սահմանները 1991 թվականի դեկտեմբերի ութին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։

Երրորդ կետով ասվում է, որ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։

Չորրորդ կետը.  հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի,հունվարի 11֊ի և նոյեմբերի 26֊ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։ Սա չորրորդը, իսկ դա ո՞րն է, ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, կոմունիկացիաների բացումը։

Հինգերորդ կետը. հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ  խաղաղության , հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և ՀՀ֊ի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այստեղ է ամրագրված ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։

Վեցերորդ կետ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։

Մարուքյանն ասաց,որ սա այն է, ինչ հայկական կողմը ներկայացրել է ի պատասխան Ադրբեջանի առաջարկների։

Այս թեմայով
am